Օլիմպիական պատմություն. Ինչպես Լևոն Ջուլֆալակյանը 22 րոպեում դարձավ չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՕլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանն այսօր նշում է ծննդյան 56-րդ տարեդարձը:
Առաջին քայլերը սպորտում կատարել է ծննդավայր Լենինականում (այժմ՝ Գյումրի), մարմնամարզության դպրոցում: Զարմանալի ոչինչ չկա, քանի որ և հայրը, և մայրը, նախկինում մարմնամարզիկներ էին: Սակայն, չորս տարի «գիմնաստիկա» պարապելուց հետո 13-ամյա Լևոն Ջուլֆալակյանը որոշում է զբաղվել իրեն ավելի հոգեհարազատ մարզաձևով՝ ըմբշամարտով: Արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս, և 1982 թվականին նա հաղթում է ԽՍՀՄ պատանեկան առաջնությունում: Հաջորդ տարի չեմպիոն է դառնում արդեն մեծահասաների մեջ:
1986թ Լևոն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճում և աշխարհի, և Եվրոպայի առաջնությունում: Ըմբշամարտում հեթ-տրիկ անելու համար (ֆուտբոլում այսպես են անվանում մեկ խաղում երեք գոլ խփելը – հեղ.) հայ ըմբիշին չէր բավականացնում միայն օլիմպիական ոսկին:
Եվ ահա, 1988թ մեր ըմբիշը ԽՍՀՄ հունահռոմեական հավաքականի կազմում մեկնում է Սեուլ, ամառային օլիմպիական խաղերի: 68 կգ քաշային կարգի մրցաշարի առաջին գոտեմարտում նա երկու րոպեում հաղթում է կանադացի Դուգ Յեթսին: Քենիացի Կիպտու Սալբեյի հետ երկրորդ մարտում մեր մարզիկից ընդամենը մեկ րոպե է պահանջվում 16 միավոր վաստակելու և մաքուր հաղթանակ տոնելու համար:
1/8 եզրափակիչում ամերիկացի Էնդի Սերասը դիմանում է երկու մրցափուլերում, բայց Լևոն Ջուլֆալակյանը, անուամենայնիվ, վստահ հաղթանակ է տանում՝ 9:2: Քառորդ եզրափակիչի մրցակից, ռումինացի Պետրիչե Կարարեն ավելի համառ է դուրս գալիս, սակայն նա էլ է տեղի տալիս խորհրդային ըմբիշի ճնշմանը՝ 4:8:
Կիսաեզրափակիչում Լևոն Ջուլֆալակյանը 34 վայրկյանում տուշեով հաղթում է լեհ Եժի Կոպանսկուն և վստահ մտնում եզրափակիչ: Այստեղ նրան սպասում է մրցագորգի տեր. հարավկորեացի Կիմ Սոն Մունը: Չնայած հանդիսականների աղմուկ-աղաղակին ու մրցակցի բոլոր ջանքերին՝ հայրենակիցներին ուրախացնելու համար, մեր ըմբիշը վստահ է անցկանում իր կյանքի ամենագլխավոր մարտը և հաղթում է 9:3 հաշվով: Այդպիսով, Լևոն Ջուլֆալակյանը 22 րոպեում նվաճում է օլիմպիական ոսկե մեդալ:
2016 թվականին նրա գլխավորությամբ արդեն օլիմպիական չեմպիոն է դառնում Հայաստանի հավաքականի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Աշխարհում շատ քիչ են այն մարդիկ, որոնք օլիմպիադաներում հաղթանակի են հասել և որպես մարզիկ, և որպես մարզիչ:
Այսօր անվանի ըմբիշը աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ ղեկավարելով սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը: