Բացել լրահոսը Փակել լրահոսը
zaruhi-postanjyan-472x265
A A
Պաշտոնական

Կալանավորների 90 տոկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը հնարավոր է փոխել․ Զ․ Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բաց նամակ  է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․


Հարգելի պարոն,

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում COVID-19 համաճարակի հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն: Մենք և աշխարհը դեռևս չգիտենք՝ որքա՞ն է տևելու արտակարգ դրությունը և որքա՞ն է պահպանվելու դրա հետևանքով առաջացած ինքնամեկուսացման խիստ ռեժիմը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ հինգ հազար մարդ գտվում է կալանավայրերում, նրանցից շուրջ հազարը՝ նախնական կալանքի տակ:

Հանրային և տնտեսական կյանքի կաթվածի պայմաններում վերոնշյալ քանակի կալանվորներ ունենալը լրացուցիչ թե՛ բարոյական, թե՛ նյութական բեռ է մեր հանրության համար: Բացի այդ, կալանավայրերում պահվող կալանավորները ավելի խոցելի են COVID-19 վիրուսով վարակվելու տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունը COVID-19 համաճարակի վարակի տարածումը կանխելու նպատակով արգելել է կալանավորներին հանձնմունք` լրացուցիչ սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքների փոխանցումը։ Հանրահայտ փաստ է, որ կալանավորները հիմնականում այդ հանձնմունքով են ապրում, և դրա արգելքը կբերի կալանավորների թերսնման՝ բազմապատկելով վերջիններիս խոցելիության մակարդակը հիվանդությունների նկատմամբ:

Ինչպես նախկինում, այպես էլ ներկայումս, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման օրենքով նախատեսված ինստիտուտները ըստ էության չեն կիրառվում:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, նախնական կալանավորման կիրառումը օրինաչափություն է և ոչ՝ բացառություն:

Այս ամենի հանրագումարում, մենք ունենք հանրային միջոցների` մեր կողմից մուծված հարկերի և տուրքերի հաշվին պահվող հազարավոր կալանավորներ: Պետք է նշել, որ յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ:

Այսպիսի արտակարգ դրության պայմաններում նախնական կալանքի տակ գտնվող շուրջ հազար կալանավորների առնվազն 90 տոկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը հնարավոր է փոխել՝ կիրառելով այլ խափանման միջոց։ Ինչ վերաբերում է դատապարտյալների մի մասին, ապա վերջիններիս նկատմամբ հնարավոր է կիրառել պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը:
Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը (CPT) հաստատել է ազատությունից զրկված անձանց բուժման հետ կապված` կորոնավիրուսային հիվանդության համատեքստում (COVID-19) համաճարակի վերաբերյալ սկզբունքներ (տես՝ CPT/Inf(2020)13), որի 5-րդ կետը խրախուսում է ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցների կիրառումը (տես` https://rm.coe.int/16809cfa4b):
​Զանգվածային աղքատացմանը զուգահեռ՝ շտապ միջոցներ չձեռնարկելը (հանրային գումարների տնտեսում, հումանիզմի դրսևորում և տնտեսված գումարները աղքատների սոցիալական վատթար վիճակի մեղմացմանը ուղղելը) հանգեցնելու է զանգվածային ընդվզումների:

Ցավալի է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության և հումանիզմի սպասումները թավշյա իշխանությունները այդպես էլ իրականություն չդարձրին: Գործող իշխանությունը նախնական կալանքի տակ գտնվող և ազատազրկված անձանց վերաբերյալ COVID-19 համաճարակի վտանգներից բխող ոչ մի գործուն միջոց չձեռնարկեց: Աննախադեպ մտահոգող իրավիճակը սառը չգնահատելով՝ գործող իշխանությունը կանխատեսելի հաշվարկներ չի կատարել՝ անտեսելով հումանիզմի տարրական սկզբունքը։ Փոխարենը՝ վերջինս ամեն կերպ փորձում է սպասարկել իր ակնթարթային շահը՝ ընդունելով քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժի, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը վերահսկող, ինչպես նաև COVID-19 հիվանդության հիմքով դիահերձումը արգելելու անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող օրենքները՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի անվան լույսի ներքո:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, հորդորում եմ շտապ հանդես գալ հայտարարությամբ և համապատասխան առաջարկներով՝ կալանավորների ազատ արձակման համատեքստում, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից սույն թվականի մարտի 31-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ընդունված մարդու իրավունքները ոտնահարող օրենքների վերաբերյալ:


Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան


Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ