Բացել լրահոսը Փակել լրահոսը
5f55786a4f83fe10db823db6b81e2c46-770x510 (1)
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը բոլորի համար ընդունելի, կոնսենսուսային թեկնածու էր․ քաղաքագետ

Մարտի 31-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է քաղտեխնոլոգ, քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ։  

 

Պարո՛ն Բադալյան, սպասելի՞ էին Ձեզ համար նախագահական և  խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

 

Նախագահականի մասով սպասելի էին արդյունքները, իսկ խորհրդարանականի մասով՝ այդքան էլ չէ։ Նախագահականի մասով, այո՛, բոլոր փորձագետների, վերլուծաբանների անկախ դիտորդների համար պարզ էր, որ Արայիկ Հարությունյանը կամ առաջին փուլով կընտրվի նախագահ կամ առաջին տեղով կհայտնվի երկրորդ փուլում, և շատ քիչ ձայն չի բավարարի նախագահ ընտրվելու համար։ Երկրորդ փուլ դուրս եկավ, և նրան ընդամենը 320 ձայն չբավարարեց ընտրվելու համար։ Այստեղ նաև պարզ էր, որ Մասիս Մայիլյանը երկրորդ փուլ է դուրս գալու, և երկու գործոն կա, որի շնորհիվ դա տեղի ունեցավ: Մեկը, որ նրան աջակցում էր բավականին պայքարելու և իշխանության գալու տենչ ունեցող (տվյալ դեպքում դրական իմաստով եմ ասում) Սամվել Բաբայանը, որն ամեն ինչ անում էր, որ վերադառնա իշխանություն։ Նա իրոք պայքարում էր իր 100 տոկոս հնարավորություններով։ Երկրորդ գործոնն էլ այն էր, որ խոսվում էր, թե Վիտալի Բալասանյանը կարող է դուրս գալ երկրորդ փուլ, բայց նայում ենք, տեսնում ենք, որ նրա նախընտրական քարոզարշավը շատ անշուք էր (դա առաջին հերթին), բացի այդ՝ որպես բուն թեկնածու՝ Բալասանյանի մեջ չկար այն եռանդը, այն կրակը (որն, ի դեպ, կար Սամվել Բաբայանի մեջ), որը կստիպեր նրան դուրս գալ երկրորդ փուլ, դրա համար ստացավ ձայների մոտավորապես 15 տոկոսը և փաստորեն զբաղեցրեց երրորդ տեղը։ Մնացած թեկնածուներին չենք քննարկում, որովհետև թեկնածուներ կան, որ միայն վիճակագրական խնդիրների համար էին այնտեղ գնում, մասնակցում այդ ընտրություններին զուտ որոշակի խնդիրներ լուծելու, բայց ոչ երբեք հաղթելու համար։ Այնպես որ կարող ենք ասել, որ նախագահականի տեսակետից այստեղ որևիցե անակնկալ չկար։ 

 

Այ, անակնկալը խորհրդարանական ընտրությունների հետ էր կապված։ Առաջին հայացքից կարող ենք ասել անակնկալ, բայց եթե խորությամբ վերլուծենք՝ այնքան էլ չէ։ Դա այն էր, որ Մասիս Մայիլյանի կողմից ղեկավարվող դաշինքին չհաջողվեց բավարար թվով ձայներ հավաքել խորհրդարան մտնելու համար։ Եվ այստեղից գալիս ենք այն եզրակացության, որ նախագահական ընտրություններում Մայիլյանի ստացած ձայները, որոնցով նա երկրորդ փուլ անցավ, ոչ այնքան իր՝ որպես նախագահի թեկնածուի, վաստակած ձայներն են, այլ հիմնականում Բաբայանի աջակցության շնորհիվ նրան տրված ձայներն են, և դա է պատճառը, որ նա նախագահական ընտրություններում բավականին շատ ձայներ ստացավ (համեմատաբար իհարկե), սակայն նրա դաշինքը չմտավ պառլամենտ՝ ի տարբերություն Բաբայանի, որի գլխավորած կուսակցությունը մտավ։ Ինչո՞ւ մտավ որովհետև այն ղեկավարում էր Սամվել Բաբայանը, որն այնքան մեծ պայքարի ջիղ էր դրել, ավյուն ուներ, մեծ ցանկություն ուներ խորհրդարան մտնելու, իշխանության գալու, իսկ Մասիս Մայիլյանը չկարողացավ ինքն իրեն ներկայացնել։ Եվ ոչ միայն չկարողացավ ներկայացնել, այլև պարզվեց, որ որպես նախագահի թեկնածուի՝ Ղարաբաղում այնքան էլ նրա պահանջարկը, կարիքը չունեն։ Կարող ենք ասել նաև, երբ հանում ենք Բաբայանի ստացած ձայները (ԱԺ ընտրություններում ստացած - հեղ) Մասիս Մայիլյանի ձայներից (նախագահական ընտրություններում ստացած - հեղ), ապա տեսնում ենք, որ վերջինս բավականին քիչ է ստացվում։ Կարող ենք ասել, որ իհարկե Վիտալի Բալասանյանի կուսակցության՝ խորհրդարան անցնելը նորմալ էր, որևիցե խնդիր չկա։ Կարող ենք նշել նաև, որ Բալասանյանի դեպքում ընտրությունների ընթացքում ամբողջ խաղադրույքը կատարվել էր Վիտալի Բալասանյանի վրա, և ոչ թե նրա կուսակցության այստեղ էլ այդ ֆենոմենը աշխատեց։ Դաշնակցության անցնելը  խորհրդարան նույնպես նորմալ է, բնական է, որ Ղարաբաղում Դաշնակցությունն դեռևս ունի իր աջակցությունը։ Մնացածի վերաբերյալ անակնկալ չկար, ինչ որ կար, ընդհանուր պատկերը սա էր, և պատճառաբանությունները նշվեցին։

 

Արայիկ Հարությունյանը որպես նախագահ ինչպիսի՞ն կլինիխորհրդարանում քաղաքական ուժերի աշխատանքի վերաբերյալ ի՞նչ կասեք։

 

Թե ինչպիսի նախագահ կարող է լինել Հարությունյանը, մենք չենք կարող կանխատեսել, չենք կարող գուշակություններ անել, դա ցույց կտա նրա գործունեությունը։ Մենք բավականին երկար ժամանակ նրան որպես վարչապետ ենք տեսել, բայց ոչ որպես առաջին դեմք։ Որպես առաջին դեմք կտեսնենք նրա գործունեությունը և հետո կասենք՝ դրական էր, թե բացասական։ Բայց մի բան կա, որ նա շատ ճիշտ է գնահատում իրականությունը այն, որ  նշում է, թե կորոնավիրուսի համաճարակն աղետալի վիճակ է ստեղծում համաշխարհային տնտեսության մեջ, և այդ աղետալի վիճակը նաև Ղարաբաղի վրա է տարածվելու՝ կախված շատ հանգամանքներից։ Նա գիտակցում է իրավիճակը և մանուշակագույն ակնոցներով չի նայում իրավիճակին, սա դրական է։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովում կուսակցական գործունեությանը և ընդհանրապես միջկուսակցական հարաբերություններին, պետք է նշենք, որ Արայիկ Հարությունյանին չհաջողվեց ամբողջովին միանձնյա կառավարություն ձևավորել, և նա պետք է դաշինքի մեջ մտնի այս կամ այն ուժի հետ։ Ըստ լրատվական դաշտում տարածված տեղեկությունների՝ շատ հավանական է, որ նա դաշինքի մեջ մտնի Աշոտ Ղուլյանի և նրա կողմից ղեկավարվող կուակցության և Դաշնակցություն կուսակցության հետ։ Ճիշտ է, նրանք քիչ ձայներ ունեն, բայց նրանց ձայների հանրագումարով նա փաստորեն կարող է ձևավորել կառավարություն։ Ինչ մնում է մնացած ուժերի հետ համագործակցելուն, ապա ինքը մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, որ չի բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը և տարբեր ուժերի հետ տարբեր ձևաչափերով կարող է համագործակցել։

 

«Ռեգնում» գործակալության հիմնադիր, գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Առաջին» լրատվականին տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանին բնութագրել էր որպես կոնսենսուսային թեկնածու թե՛ Սերժ Սարգսյանի, և թե՛ Հայաստանի իշխանությունների համար։ Արայիկ Հարությունյանին համարո՞ւմ եք կոնսենսուսային թեկնածու։

 

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո որոշակի խնդիրներ կային Ղարաբաղի իշխանությունների և Հայաստանի նոր ձևավորված իշխանությունների միջև Ղարաբաղի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասով, և այդ հարցը պետք է լուծվեր այսպես թե այնպես։ Շատ ճիշտ էր, որ ընտրությունները տեղի ունեցան, ցանկալի կլիներ, որ առաջին փուլով ավարտվեին, բայց չավարտվեցին, և երևի երկրորդ փուլով ապրիլի 14-ին ամեն ինչ կավարտվի։ Եվ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անհասկացվածության խնդիրը դուրս կգա սա առաջին կարևոր խնդիրն էր, որ ընտրությունների ժամանակ լուծվեց սա մեկ։ Երկրորդ՝ այդ անհասկանալիությունը երկու երկրների միջև պետք է դուրս գա ոչ միայն իշխանության ձևավորմամբ, այլև այնպիսի իշխանության ձևավորմամբ, որ բոլորին բավարարի։ Եվ այո՛, այստեղ շատ մեծ է այն հավանականությունը, որ Արայիկ Հարությունյանը բավարարում է բոլոր կողմերին՝ և՛ Հայաստանի իշխանություններին, և՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը։ Եթե մի պահ պատկերացնենք, որ Վիտալի Բալասանյանը Ղարաբաղում նախագահ ընտրվեր, ապա դա կասկածելի կլիներ, թե Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններն ի՞նչ վիճակում կարող էին լինել՝ կախված Բալասանյանի և Հայաստանի իշխանությունների միջև խրթին հարաբերություններից։ Դրա համար Արայիկ Հարությունյանը, կարող ենք ասել, կոնսենսուսային թեկնածու էր բոլորի համար՝ և՛ Ղարաբաղի իշխանությունների, և՛ Հայաստանի իշխանությունների, և՛ Հայաստանի մի քանի նախկին իշխանությունների համար, և՛ Ղարաբաղի արմատական թևի համար, այսինքն՝ բոլորի համար ընդունելի, կոնսենսուսային թեկնածու էր։

 

Պարո՛ն Բադալյան, իրատեսական համարո՞ւմ եք Վիտալի Բալասանյանի գլխավորած քաղաքական ուժի և Սամվել Բաբայանի գլխավորած քաղաքական ուժի միջև համագործակցությունը որպես ընդդիմություն, եթե այդ ուժերը Հարությունյանի հետ կոալիցիա չկազմեն։

Դե գիտեք ինչ, շատ նորմալ երևույթ է, որ այս կամ այն ընդդիմադիր ուժերը համագործակցում են, չնայած որ կարող է՝ նրանց ղեկավարների միջև խիստ լարված հարաբերություններ լինեն, բայց կարող են որոշակի փոխադարձ ընդունելի հարցեր լինել, որոնց շուրջ կարող են նրանք գործակցել։ Որպես օրինակ վերցրեք Հայաստանի խորհրդարանը ժամանակին «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստանի»-ի ղեկավարների միջև ինչպիսի լարված հարաբերություններ էր լինում, բայց դա չխանգարեց, որպեսզի «Լուսավոր Հայաստան»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը համատեղ գործունեություն իրականացնեն։ Այնպես որ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, և ոչինչ չի բացառվում, այդ թվում՝ չի բացառվում, որ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի կուսակցությունները Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կարող են գտնել փոխադարձ ընդունելի հարցերի շուրջ փոխադարձ ընդունելի տեսակետներ և համագործակցեն։

 

Հիշեցնենք, որ ԱՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջին տեղը գրավեց ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը (36 076 ձայն), երկրորդը՝ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (19 360), երրորդը՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը (10 755)։

Քանի որ Հարությունյանը չէր հավաքել ընտրողների 50 տոկոսից ավելի ձայն, ընտրությունների երկրորդ փուլ պետք է տեղի ունենա, որին կարող են մասնակցել Հարությունյանը և Մայիլյանը։

Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ անցավ 5 քաղաքական ուժ՝  «Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինք (Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, 29 688), «Միասնական հայրենիք» կուսակցություն (Պաշտպանության բանակի նախկին հրամատար Սամվել Բաբայանի գլխավորությամբ, 17 365), «Արցախի արդարություն» կուսակցություն (Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ 5 865), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (4 717), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» (ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, 4 269), իսկ ահա Մայիլյանի գլխավորած «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը, Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը չհաղթահարեցին անցողիկ շեմը և չհայտնվեցին խորհրդարանում։