Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos (1)
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականները

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը անցած շաբաթների ընթացքում մանրամասն ուսումնասիրել է մեր թիմի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային հանդիպումները, զրուցել նրանցից մի քանիսի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հարզացրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է իր կատարած աշխատանքի և ապագա ծրագրերի մասին.

- Պարոն Կապառոս, արդեն 3 շաբաթ է՝ գլխավորում եք հավաքականը և չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եք եղել մեկնել Իսպանիա, բայց գիտենք, որ աշխատում եք ամենօրյա ռեժիմով և ուսումնասիրում եք մեր հավաքականը: Որո՞նք են ձեր գլխավոր եզրահանգումները:

- Դիտել եմ հավաքականի վերջին հանդիպումները, այժմ  գնահատում և վերլուծում ենք բոլոր ֆուտբոլիստներին անհատապես: Իմ օգնական Լուսիանոն ինձ համար տեսանյութեր է պատրաստում: Մենք վերլուծում ենք թիմի բոլոր գործողությունները՝ խաղը տարբեր օղակներում, դրանց միջև համագործակցությունը, ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները տարբեր դիրքերում և  խաղի այլ բաղկացուցիչներ:

- Նախորդ շրջափուլում մեր հավաքականը մի քանի տպավորիչ հաղթանակ տարավ, ի՞նչն էր ընկած այդ հաջողության հիմքում:

- Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում:

- Խաղային ո՞ր օղակները բարելավման կարիք ունեն:

- Երևում է, որ տղաները տեխնիկապես լավ են պատրաստված: Շատերը բարձրակարգ առաջնություններում են հանդես գալիս: Մենք լավ հավաքական ունենք, սակայն կատարելագործվելու տեղ միշտ կա: Հիմա մենք մանրամասնորեն վերլուծում ենք հավաքականի բոլոր խաղերը և ֆուտբոլիստներին, որպեսզի հասկանանք՝ ինչի կարող ենք հավակնել:

- Մեր թիմը շատ ավելի լավ է խաղում ուժեղ մրցակիցների դեմ, և հաճախ դժվարություններ է ունենում կարգով ավելի թույլ թիմերի դեմ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Կարծում եմ` դա պայմանավորված է մենթալիտետով: Մենք պետք է սերմանենք այն գիտակցությունը, որ չկան ուժեղ և թույլ մրցակիցներ և որ բոլոր խաղերը, նույնիսկ ընկերականները, շատ կարևոր են: Յուրաքանչյուր խաղի պետք է վերաբերվել որպես եզրափակչի:

- Իսպանիայում մշտապես աչքի եք ընկել երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու ունակությամբ: Պատրաստվո՞ւմ եք թարմացնել հավաքականի կազմը՝ ընդգրկելով նաև երիտասարդ ֆուտբոլիստների:

- Մենք մշտապես կապի մեջ կլինենք տարիքային տարբեր հավաքականների մարզիչների հետ և միասնաբար կաշխատենք գլխավոր թիմի համար համապատասխան ֆուտբոլիստներ գտնելու ուղղությամբ: Այժմ ես աշխատում եմ մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, որն ինձ ֆուտբոլիստների մասին տեղեկություններ է տրամադրում և պատրաստում տեսանյութեր: Երբ մրցաշարերը վերսկսվեն, արդեն անձամբ կդիտեմ նրանց ելույթները:

- Իսկ կա՞ն թեկնածուներ, ովքեր նախկինում չեն կրել հավաքականի մարզաշապիկը, կամ տևական դադարից հետո կրկին կհրավիրվեն հավաքական:

- Մենք հետևում ենք թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Ամենակարևորն այն է, որ նրանք մեծ ցանկություն ունենան միանալ հավաքականին և պաշտպանել մեր թիմի պատիվը:

- Հասցրե՞լ եք շփվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Ո՞ւմ հետ և ի՞նչ հարցեր եք քննարկել:

- Կցանկանայի բոլորի հետ անձամբ զրուցել, սակայն հանգամանքները թույլ չտվեցին: Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ, նրա խաղը բազմիցս դիտել եմ: Համոզվեցի, որ ոչ միայն տաղանդ և խաղային շատ բարձր որակներ ունի, այլև մարդկային հիանալի հատկանիշներ: Նա առաջնորդ լինելու կարողություն ունի, նվիրված է իր երկրին և հավաքականին ու խանդավառված է մեր նոր նախագծով: Այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեզ կարող են միանալ․ օրինակ, խոսել եմ Արշակ Կորյանի հետ, որը նույնպես շատ ոգևորված է հավաքականում հանդես գալու հնարավորությամբ: Նա նշեց, որ նախկինում ևս ցանկացել է միանալ հավաքականին, սակայն «լեգեոներների» հետ կապված խնդիրը մշտապես խոչընդոտ է հանդիսացել:

- Ձեր մարզչական շտաբն արդեն հայտնի՞ է։

- Մեր մարզչական շտաբում ընդգրկված են իմ բազմամյա օգնական Լուսիանո Մարտին Տոսկանոն, ինչպես նաև Սուրեն Չախալյանը և Ռոման Բերեզովսկին: Այժմ սպասում ենք, որ մեզ միանա նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Եթե հանգամանքների բերումով նա չկարողանա միանալ մեզ, ապա կհրավիրենք այլ մասնագետի: Բացի դրանից, կուզեի հիշեցնել, որ տարիքային բոլոր խմբերի հավաքականների մազիչները նույնպես մեր մարզչական շտաբի անդամներն են: Բոլորս միասին պետք է ձգտենք հասնել լավագույն արդյունքի: