Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 2.04.
A A
Հասարակություն

Մագնուս Կառլսենը 250 հազար դոլար հիմնադրամ ունեցող մրցաշար կանցկացնի առցանց

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հայտարարել է ապրիլի 18-ից մինչև մայիսի 3-ը առցանց շախմատային սուպերմրցաշար կազմակերպելու մասին: Այդ մասին տեղեկացնում է Chess24 կայքը:

Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ: Սկզբում նրանք շրջանաձև արագ շախմատի 4-ական պարտիաներ կանցկացնեն իրար հետ: Այդ մինիմրցամարտի հաղթողները կստանան 3 միավոր, իսկ ոչ-ոքու դեպքում կնշանակվի «արմագեդոն», որի հաղթողը կվաստակի 2, իսկ պարտվողը՝ 1 միավոր:

Շրջանաձև մրցաշարից հետո չորս լավագույն շախմատիստները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ կգործի արդեն նոկաուտ համակարգ: Այստեղ նույնպես կանցկացվեն 4-ական պարտիաներ:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար։ Մասնակիցների անունները դեռևս հայտնի չեն, սակայն ըստ նախնական տվյալների, մրցաշարին մասնակցելու հրավեր կստանան ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին ութ տեղերը զբաղեցնող շախմատիստները: Դրանք են Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն։ Նրանցից որևէ մեկի հրաժարականի դեպքում հրավեր կուղարկվի 9-րդ տեղը զբաղեցնող շախմատիստին, և այդպես շարունակ:

Հավելենք, որ սա կլինի առցանց անցկացվող առաջին սուպերմրցաշարը: Պարտիաներն ուղիղ եթերով կհեռարձակվի Chess24 կայքում: Դրանք կմեկնաբանվեն 9 տարբեր լեզուներով: