Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0er9nQnWTn
A A
Հասարակություն

Էրիկ Գրիգորյանի կողմից օրինագիծն օրակարգ բերելն աններելի է․ Շուշան Դոյդոյան 

Կառավարությունն այսօր առանց զեկուցելու ընդունել  և Ազգային ժողով է ուղարկել շրջակա միջավայրին վերաբերող օրինագիծ։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» -ի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքերով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից օրինագիծը կառավարության նիստի օրակարգ  բերելն աններելի է։ 

Օրինագծով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել, ըստ որի՝ շրջակա  միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։

«Կառավարությունը զբաղված է, թե ինչպես անել, որ համաճարակի դեմ պայքարն արդյունավետ իրականացվի, իսկ թե Շրջակա միջավայրի նախարարությունն ի՞նչ առաջնահերթություններ ունի, անհայտ է, բայց ակնհայտորեն նախարարության առաջնահերթությունները խիստ տարբերվում են․ իրենց ուշքնումիտքը տեղեկատվության ազատությունը սահմանափակելուն է ուղղված»,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը։

Նրա համար նախ զարմանալի էր, որ կառավարության նիստ էր բերվել քաղաքացիական հասարակության կողմից չընդունված և խիստ քննադատման արժանացած օրինագիծը, և բայց այդ, ըստ նրա, օրինագծի շուրջ չի իրականացվել պատշաճ հանրային քննարկում։

«Մեկ էլ հայտնաբերում ենք, որ կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող թեմաների շարքում այդ օրինագիծն է հայտնվել, հաստատվել, ու որոշում է կայացվել այն ուղարկել Ազգային ժողով»,- շարունակեց  կենտրոնի ղեկավարը։

Շրջակա  միջավայրի նախարարության առաջարկած օրինագծի էությունը, ըստ Դոյդոյանի, հակասում է բնապահպանական տեղեկատվության մատչելիության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիային։

«Այնքան ընդհանրական, այնքան հայեցողական ձևակերպումներ են տրված, որ ցանկացած պաշտոնյա կարող է բնապահպանության վերաբերյալ ցանկացած տեղեկություն համարել, որ այն կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին, ու մերժել լրագրողների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների հարցումները և թաքցնել հասարակությունից։ Սա կարող է հանգեցնել բնապահպանական տեղեկատվության գաղտնիությանը»,- եզրափակեց Շուշան Դոյդոյանը։