Բացել լրահոսը Փակել լրահոսը
14 (1)
A A
Հասարակություն

Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը հանգիստ է

4 տարի առաջ՝ 2016 թվականի այս օրը ադրբեջանական ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։ Քառօրյա անվանումը ստացած պատերազմում հայկական ուժերին հարջողվեց կասեցնել Ադրբեջանի ծրագրավորած բլից-կրիգը և հետ շպրտել թշնամուն։

Սահմանային իրավիճակի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար, մայոր Շուշան Ստեփանյանի և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ։ 

«Հանգիստ է սահմանային իրավիճակը։ Այսօր հանգիստ է եղել․ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հանգիստ է»,- ասաց մայոր Ստեփանյանը։ 

Մարտի 30-ին ադրբեջանական ուժերը Տավուշի մարզի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ էին կատարել  և հետ շպրտվել հայկական ուժերի կողմից։ Գործողությունների հետևանքով թեթև վիրավորում էր ստացել նաև երկու զինծառայող։ 

Անդրադառնալով զինծառայողների առողջական վիճակին՝ Ստեփանյանը նշեց, որ նրանց վիճակը լավ է։

«Թե՛ վիրավորների, թե՛ կորոնավիրուսով հիվանդ զինածառայողների ինքնազգացողությունը լավ է։ Կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել, իրավիճակին համապատասխան հաղորդագրություն կտարածենք, եթե դեպք ունենանք»,- եզրափակեց ՊՆ մամուլի խոսնակը։

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նույնպես ասաց, որ հանգիստ է սահմանային իրավիճակը։

«Հարաբերական հանդարտություն է տիրում, նորմալ է։ Վերահսկվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից, շփման գիծը ողջ երկայնքով գտնվում է վերահսկողության տակ»,- եզրափակեց գնդապետ Հասրաթյանը։