Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Պապյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

«Մոտ ապագայում կտեսնեք, որ Արցախը կդառնա հզոր պլացդարմ Հայաստանի դեմ»․ Արա Պապյան

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյան

 

- Պարոն Պապյան, Արցախի նախագահական ընտրությունները մեկ փուլով չավարտվեցին, պետք է երկրորդ փուլ լինի:  Շատերը սա համարում են վտանգավոր այս օրերին․ ի՞նչ ինդիրներ կարող են առաջանալ:

- Արցախի ժողովուրդը երկրորդ անգամ պիտի փորձության ենթարկվի, և այդ վարակը տարածի: Առաջին փուլի ժամանակ 76 հազար մարդ գնացել է ընտրատեղամասեր, և որքան էլ զգուշություն ցուցաբերեն, հնարավոր չէ տարածումը կանխել: Այս երկու շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը հաստատ շատանալու է: Հետևաբար, լավ կլիներ, որ մեկ փուլով ավարտվեր: Իհարկե, ավելի լավ կլիներ, ընդհանրապես տեղի չունենար:

- Ասում եք, վարակվածների թիվը կշատանա, բայց Արցախի պատկան մարմինները հայտարարում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացի չունեն:

- Ինչպես կարող է Արցախում վարակ չլինել, եթե մինչև սահմանի փակվելը հարյուրավոր մարդիկ են գնացել-եկել Իրան, հազարավորները շփվել են Հայաստանի հետ, նաև մի քանի մեծ միջոցառումներ են եղել` թաղում, հավաքներ, որոնց Հայաստանից մեծաթիվ մասնակիցներ են եղել: Բացի այդ այնտեղ մեծ թվով թոքաբորբով պառկած մարդիկ կան: Եվ եթե մոտ 140 հազար բնակչից ընդամենը 29-ից ես փորձանմուշ վերցրել, վարակվածի հայտնաբերելու հավանականությունը բնականաբար շատ քիչ կլինի: Այսինքն, ոչ թե վարակվածներ չկան, այլ հայտնաբերվածներ չկան: Եթե չես որոնում, չես գտնի: Բայց որ կան, միանշանակ է:

- Կորոնավիրուսից զատ երկրորդ փուլի անցկացումն ուրիշ ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել, եթե նկատի ունենանք Ադրբեջանից, Թուրքիայից սպառնալիքները կամ այդ ընտրություններից հայաստանյան տարբեր ուժերի շահերը:

- Ադրբեջանի ու Թուրքիայի պարագայում փոփոխություն չի լինի, որովհետև իրենք այդ ընտրությունները երբեք չեն ընդունել, նաև աշխարհը չի ընդունում: Ես կարծում եմ, որ այդ սուբյեկտայնության ուղին սխալ է, որովհետև դա ածանցվում է օտարի ճանաչումից, դրա համար էլ ավելի հեշտն ու ճիշտը միացումն է: Հասկանում եմ, թե ինչու են գնում անկախության ճանապարհով, դա նաև պաշտոնի ու փողի կռիվ է: Հայաստանի և Արցախի իշխանությունների պարագայում էլ շատ բան չի փոխվի, կշարունակեն ասել՝ ամեն ինչ շատ լավ է և իրար հետ լեզու կգտնեն: Երևանին ձեռնտու է, Արցախի պատասխանատվությունը դնում է մի կողմ և փոխաբերական իմաստով ձեռքերը լվանում է: Արցախին էլ ձեռնտու է, որ իր փողը փոխանցում են, և ինչ հեղափոխություն` մոռացեք դա: Այնտեղ ապրելու են մոտ 200 ընտանիք, մյուսներն էլ շարունակելու են իրենց չարքաշ կյանքը և ձայները 20 հազար դրամով վաճառելը:

- Իսկ կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ նախկին իշխանությունների սատարած` նախագահի թեկնածուները չանցան:

- Իսկ Արայիկ Հարությունյանն ո՞ւմ ներկայացուցիչն է: Նա նախկին իշխանությունների թիվ 2 մարդն էր:

- Բայց կարծիք կար, թե նա ավելի շուտ գործող իշխանությունների աջակցությունն է վայելում:

- Արայիկ  Հարությունյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ սերտորեն համագործակցած, նրա մերձավոր շրջապատի հետ բիզնեսների փայատեր հանդիսացող մարդ է: Մասիս Մաիլյանը նորից նախկինների ներկայացուցիչն է՝ փոքր -ինչ ավելի քաղաքակիրթ ձևով: Նա գոնե այդ աստիճան օլիգարխ չէ: Ա.Հարությունյանը Արցախի թիվ մեկ օլիգարխն է, իսկ այդ հարստությունը պապենական ժառանգություն չէ:

- Վիտալի Բալասանյանին են համարում նախկին իշխանությունների թեկնածու:

- Վիտալի Բալասանյանն ավելի շուտ արտաքին ուժերի` Ռուսաստանի ներկայացուցիչն է:  Նրան մեջտեղ բերեցին, որ ծայրահեղ պրոռուսական ֆոնի վրա այս երկուսն ավելի մեղմ երևան: Հիմա կարող եմ ասել, Բալասանյանին մի երկու պաշտոն և բիզնես կտան, իսկ ողջ հարստությունն ու պաշտոնները այդ 200 ընտանիքը նորից իր մեջ կբաժանի, ու ամեն ինչ նույնը կմնա:

- Բայց Արայիկ  Հարությունյանն անընդհատ դրական հայտարարություններ էր անում ՀՀ գործող իշխանությունների մասին, և կարծիք կար, որ ունի նրանց աջակցությունը:

- Բնական է, որ դրական պետք է արտահայտվեր, և դա կոչվում է քաղաքական քծնանք: Բայց նրա բիզնես-շահերը նախկինների հետ են, դրանք չվերացան: Դա կոչվում է սիտուացիոն դաշնակից, նա էլի ամեն ինչ անելու է, որ ՀՀ իշխանությունների հետ լավ լինի: Միանշանակ կարելի է ասել, որ Արցախում սա նախկինների ռևանշ էր: Մոտ ապագայում կտեսնեք, որ Արցախը կդառնա հզոր պլացդարմ Հայաստանի դեմ:

- Իսկ Արայիկ Հարությունյանն ո՞վ:

- Հարությունյանը կարող է լինել ձևական ֆիգուր, նա հարց լուծող չէ, նա ածանցյալ է: Դրսի շատ լուրջ խաղացողներ կան այնտեղ ու նրա բիզնեսում:

- Ովքե՞ր են:

- Չեմ կարող ասել: Թող ինքը իր հանքերի, հողերի ու տարբեր ձեռնարկությունների մասին խոսի: Նա անասելի հսկայական հարստության տեր է դարձել: Եվ հիմա ՀՀ գործող իշխանություններին եմ հարց տալիս` բա հեղափոխության ժամանակ խոստումներ էիք տալիս, թե թալանածը ետ կբերենք: Դե բերեք:

- Բայց ՀՀ իշխանություններն ի՞նչ գործ ունեն Արցախի կոռուպցիոն երևույթների հետ:

- Կներեք, ողջ ռազմական ծախսը Հայաստանի վրա է: Մեր հարկատուի փողերն են թալանել, Արցախի բյուջեի 60 տոկոսը Հայաստանն է տալիս: Բա Արցախը ՀՀ մարզն է, ՀՀ ամենածախսատար, ամենամեծ, ամենակարևոր մարզն է: Ինչպես կարող է ՀՀ-ն անտարբեր մնալ: Նաև Արցախի իշխանությունների ով լինելով կարող է պայմանավորված լինել Հայաստանի ճակատագիրը: Արդյոք ՀՀ-ն կներքաշվի լայնամասշտաբ պատերազմի մեջ, արդյոք ՀՀ շրջափակումը կխորանա, ՀՀ հարաբերություններն այլ երկրների հետ ինչպես կլինեն: Նույն տնտեսական և անվտանգության դաշտն է: Այս բոլոր հարցերը մեծապես պայմանավորված են Արցախում տեղի ունեցած զարգացումներով: Նույնն էլ վերաբերում է կորոնավիրուսին` այստեղ մարդկանց ստիպում են, որ տրանսպորտ չնստեն, բիզնես են փակում, մարդիկ նյութական ու բարոյական հսկայական կորուստներ են ունենում, գնում են դրան հանուն նրա, որ վարակը չտարածվի, այնտեղ 76 հազար մարդ տանում են ընտրատեղամաս, որ այդ վիրուսը տարածվի: Իսկ դա բումերանգով գալու է այստեղ: