Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Շիրակ» ֆուտբոլի ակումբը 150 համակարգիչ է նվիրել Շիրակի մարզին՝ հեռավար ուսուցման համար

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ է հատկացրել Շիրակի մարզի դպրոցներին՝ հեռավար ուսուցումն ավելի մատչելի դարձնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներն այսօր նախնական պայմանավորվածության համաձայն համակարգիչները բերել են մարզպետարան, որոնք մեկ-երկու օրում կհատկացվեն մարզի դպրոցներին, որտեղից էլ կբաշխվի 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։

«Մեզ համար կարևորն այն է, որ մարզի բոլոր դպրոցականները հեռավար ուսուցումից դուրս չմնան: Խոսել ենք տարբեր կազմակերպությունների և բարերաների հետ, որպեսզի կարողանանք բացը լրացնել ու թիրախային ընտանիքներին համակարգիչներով ապահովել։ Շատ ուրախալի էր, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը արձագանքեց և նման նախաձեռնությամբ հանդես եկավ, որի համար մենք շնորհակալ ենք։ Այսուհետ էլ կաշխատենք ամեն ինչ անել հեռավար կրթության առումով թերացումները բացառելու համար», - լրագրողների հետ զրույցում նշել է կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից», -հայտարարել է ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։