Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կուտակումներ ու վիճաբանություններ տեղամասերում․ ի՞նչ է արձանագրել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» (տեսանյութ)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել։

Հանրապետությունում ձևավորված 281 ընտրական տեղամասերից և Երևանում տեղակայված 1 ընտրական տեղամասերից ՀԿ-ն դիտարկել է 49-ը, այդ թվում՝ Երևանի ընտրական տեղամասը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հրավիրված ասուլիսին հայտնեց, որ դիտարկված 49 տեղամասերից 3-ի տարածքը բավարար չի եղել քվեարկության բնականոն ընթացքի ապահովման համար։ Տեղամասերից 16-ում եղել են դրա իրավունքը չունեցող անձինք։

13 տեղամասում եղել են դեպքեր, երբ այլ անձ է գտնվել քվեարկության խցիկում։

«Ընդ որում որոշ տեղամասերում այլ անձի գտնվելը դիտորդի կողմից գնահատվել է որպես վերահսկողական բնույթ կրող»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

15 տեղամասերում եղել են հանձնաժողովի անդամներ և վստահված անձինք, որոնք չեն կրել համապատասխան վկայական։ 12 տեղամասերում գրանցամատյանում չեն գրանցվել խախտումները։ Քվեարկության մասին բարձրաձայնելու դեպքեր գրանցվել են 9-ը տեղամասերում, իսկ քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր եղել են 40 տեղամասերում։

«Ընդ որում՝ դիտորդները հաշվարկել են 700 նման դեպք, որոնք հիմնականում եղել են տարեցների մոտ»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։

Դիտարկված տեղամասերից 2-ում գրանցվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ, ընդ որում` ընտրողը դա արել է, երբ հանձնաժողովի նախագահն արգելել է նկարել քվեաթերթիկը։

Դիտարկված 49 տեղամասերից 9-ում դիտորդներն արձանագրել են ընտրողի կողմից սեփական քվեաթերթիկը նկարելու դեպքեր։

«Պետք է նշեմ, որ այս դեպքերից և ոչ մեկում ընտրական հանձնաժողովի նախագահները չեն դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին, իսկ հանձնաժողովների նախագահներից մի քանիսը նաև մեր հետ զրույցում, անձամբ մեկն իմ հետ զրույցում պատճառաբանել է, որ հրահանգ ունեն ընտրողի կողմից սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքում ոստիկանությանը չդիմել»,- նշեց պարոն Իոաննիսյանը։

Տեղամասային 11 կենտրոնում կուտակումներ են գրանցվել, իսկ 10-ում էլ՝ վիճաբանություններ։

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ վիճաբանությունները հիմնականում եղել են հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջև, որոնք առչնվել են հանձնաժողովի կողմից խախտումների չվերացմանը։ Ընտրողների կազմակերպված տեղափոխում նկատվել է 3 տեղամասի շրջակայքում։

«2 տեղամասում թեև տեղափոխումը կազմակերպված էր, բայց համակարգային բնույթ չէր կրում, բայց Քարվաճառում տեղափոխումն անընդհատ էր և կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից», -ասաց Դանիել Իոաննիսյանը։

Տեղամասային կենտրոնների հարակից տարածքներում կուտակումներ եղել են դիտարկված տեղամասերից 2/3-ում։ Ըստ նրա՝ զգալի դեպքերում ոստիկանությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել կուտակումները վերացնելու համար։ Կուտակումներից 6 դեպքերը կապված են եղել թեկնածուների վստահված անձանց հետ, որոնցից երեքը շարունակվել են քվեարկության ամբողջ ընթացքում։ Դանիել Իոաննիսյանը նաև այլ խախտումներ ներկայացրեց։

Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցին նաև՝ եթե 14 օրից նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվի, կրկին դիտորդական առաքելությո՞ւն են իրականացնելու, ինչին ի պատասխան նա ասաց, որ այդ հարցի վերաբերյալ դեռ քննարկում չեն ունեցել։

«Մեզ համար մարտի 31-ին դիտորդությունն անելն արդեն շատ դժվար էր։ Շատ դիտորդներ ուղղակի հրաժարվում էին և չէին գալիս»,- ասաց նա ու հավելեց, որ մարտի 31-ին Արցախ գնալու համար բոլոր դիտորդները թեստավորվել են, ինչը ծանրաբեռնվածություն է եղել թե՛ առողջապահական համակարգի համար, թե՛ դիտորդական առաքելության կազմակերպիչների համար։

«Երկրորդ փուլի համար մենք առայժմ որոշում չունենք։ Տեսականորեն չեմ բացառում սցենար, որ մենք որոշենք դիտորդական առաքելություն իրականացնել, բայց չկարողանանք անել, որովհետև այս պայմաններում դիտորդություն անելը շատ դժվար է»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։