Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում՝ վարկը նպատակային չօգտագործելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրին փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելուն ուղղված քայլերը։
«Ա1+»-ը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին․ հաճախ գյուղատնտեսական նպատակով վարկ վերցրած վարկառուները այն օգտագործում են այլ նպատակի համար, արդյունքում գյուղատնտեսության զարգացման ծրագիրը ամբողջությամբ իր նպատակին չի ծառայում: Արդյոք սա վերահսկելու մեխանիզմներ գործո՞ւմ են:
Արման Խոջոյանը պատասխանեց, որ գործում են, և ծրագրերը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում են, քանի որ չի բացառվում, որ լինեն մարդիկ, որոնք կցանկանան շրջանցել սահմանված պայմանները:
«Բանկերը նախարարությանը տրամադրում են վարկավորված վարկառուների ցանկը, և մենք պատահական ընտրության սկզբունքով տարվա ընթացքում 600-ից 800 այց ենք իրականացնում: Եթե մոնիտորինգի արդյունքում հանկարծ հայտնաբերվում է, որ դրամական միջոցները նպատակային չեն օգտագործվել, ապա այդ վարկը երկու պատասխանատվության է ենթարկվում՝ հնարավոր է կատարվի վերահաշվարկ, և զրո տոկոսը դառնա 14-ից մինչև 16 տոկոսադրույք, և հնարավոր է որոշում կայացվի, որ այդ գումարը ենթակա լինի վերադարձման»:
«Ա1+»-ը հետաքրքրվեց նաեւ՝ արդյոք կոոպերատիվների անդամներից բոլորը պետք է ունենան վարկային լավ պատմությո՞ւն՝ վարկեր ստանալու համար։
Արման Խոջոյանը պատասխանեց, որ բանկերը պետք է որոշեն տրամադրվող վարկերի ռիսկայնության չափը. «Պետությունը պարզապես գործում է համաֆինանսավորման գործիքի սկզբունքով, այն ռիսկը, որ բանկը պետք է դիտարկեր, համամասնորեն կամ մեծամասնորեն կիսում է»: