Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Որո՞նք են տնտեսվարողների համար նախատեսված ծրագրերը․ ներկայացնում են Էկոնոմիկայի նախարարի տեղակալները (տեսանյութ)

Ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսված՝ փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու համար, եւ ովքե՞ր կարող են դիմել։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն ասում է՝ կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում,  որոնց 2019 թվականի շրջանառությունը եղել է 24-500 միլիոն դրամի շրջանակներում։
 
«Որոնց 2019 թվականի 1 եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է  եղել, որոնք ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն՝ կարող են դիմել՝ ստանալու անտոկոս վարկեր»։
 
Փոխնախարարը պարզաբանեց, որ տրվելիք արտոնյալ վարկերը 36 ամսվա համար են, որի առաջին 24 ամսվա համար վարկն անտոկոս պայմաններով է, իսկ մնացյալ 12 ամսվա համար՝ արդեն 12 տոկոս տոկոսադրույքով։
 
Վարկը, ըստ նրա, տրվում է միայն անկանխիկ կերպով, կարող է ծախսվել միայն աշխատավարձերի, հարկերի, վարձակալության, հումքի , կոմունալ վճարների ուղղությամբ, վարկերը 6 ամսվա արտոնյալ ժամկետով են տրամադրվում, այսինքն՝ շահառուն առաջին 6 ամսվա ընթացքում կարող է մարում չանել, իսկ 7-րդ ամսից սկսած՝ հավասարաչափ մարումներ են նախատեսված մինչև վարկի պայմանագրի ավարտը։ 
 
«Զբոսաշրջության ծառայության և կացության ոլորների համար կա լրացուցիչ պայման. եթե այդ շահառուները այս 2 ոլորտից են, նրանց վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, ապա 7-ից 12-րդ ամիսներին մարման գրաֆիկը սահմանում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան ամսական 70 հազար դրամը, որից հետո 13-րդ ամսից մինչև պայմանագրի ավարտը նորից հավասարաչափ մարումներ են տեղի ունենում»,- առանձնացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը՝ հավելելով, որ վաղաժամ մարումները խրախուսվում են։
 
Ասուլիսը վարող, Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը ներկայացրեց աջակցության համար դիմելու կարգը․ թեժ գիծը գործելու է «Ներդրումների աջակցման կենտրոն»-ի ներքո, որի վեբ կայքի հասցեն է՝ https://www.isc.am/ , որտեղ նշված է թեժ գծի հեռախոսահամարը, կարելի է դիմել աշխատանքային օրերին, 09։00-18։00, կարելի է դիմել՝ սեղմելով «դիմել» կոճակը, լրացնել դիմումի մեջ պահանջվող դաշտերը, իսկ բոլոր դիմումներն ընդունվում են միայն առցանց։    
 
Բացի այս, ըստ Մարգարյանի, երբ որ շահառուն հաստատվում է, և եթե անհատ ձեռներեց չէ, ապա նրա կողմից պետք է տրամադրվի մեկ անհատական երաշխավորություն՝ սեփականատիրոջ կամ կառավարման մասնակցող որևէ անձի կողմից, իսկ այս պարագայում անհրաժեշտ է լինելու նաև երաշխավորի հաշվետվությունը։
 
Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ ժամը 13-ին սկսվում է առցանց առաջին խորհրդավական վեբբինար, որին կարող է դիմել ցանկացած անհատ, որը խորհրդատվության կարիք ունի․ կարելի է միանալ և հարցեր ուղղել Էկոմիկայի նախարարությունում առկա հղմամբ, Ներդրումների աջակցման կենտրոնի և Գործարարների աջակցության կենտրոնի ֆեյսբուքյան էջերում առկա հղումներով․ վեբբինարը նաև տեսագրվելու է։
 
Նախարարի մյուս տեղակալ Արման Խոջոյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի հետ կապված ծրագրերին։
 
«Բոլոր ծրագրերը, որ առաջարկվում են այսօր, բոլորի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք, ինչպես նաև սահմանվել է արտոնյալ ժամկետ՝ 3-12 ամիս, ինտենսիվ այգիների դեպքում՝ մինչև 5 տարի արտոնյալ ժամկետներ են սահմանվել»,- նշեց Խոջոյանը։
 
Վերջինս ասաց, որ նախարարության կողմից ծրագրերը 2 տեսակի են՝ 1․վարկավորում, 2․ փոխհատուցման բաղադրիչ։
 
Վարկավորման համար, ըստ նրա, առաջինը պետք է դիմել ֆինանսական կառույցին, որից հետո վերջինը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարությանը, որը հավանական վարկառուների համար մարզերում կազմակերպում է դասընթացներ ըստ թեմաների, որոնք հեռավար են կազմակերպվում՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով։ 
 
Ըստ Խոջոյանի՝ դասընթացից հետո հնարավոր վարկառուները հավաստագիր են ստանում ու ներկայացնում ֆինանսական կառույցին, այնուհետև յուրքանչյուր բանկ կամ ֆինանսական կազմակերպություն իր ներքին կանոնադրության համաձայն կատարում է վարկունակության գնահատում, այնուհետև տրամադրելու վերաբերյալ որոշում է կայացնում։
 
Փոխհատուցման ծրագրի մասին խոսելով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ կարելի է դիմել ջերմոցային տնտեսություններ, խելացի անասնաշենքեր, ինտենսիվ  այգիներ կառուցելու համար, ոռոգման համակարգերի ներդրման, տոհմային ոչխարաբուծության համար։
 
Փոխնախարարի խոսքերով՝ յուրաքանչյուրի համար նախատեսված են տարբեր տոկոսադրույքներ՝ ելնելով հաշվարկներից և վերլուծություններից։
 
«Օրինակ՝ եթե խելացի անասնաշենքերի կառուցում է․ մեր գնահատմամբ՝ եթե առաջին մոդելը 11 միլիոն դրամ է, մենք փոխհատուցում ենք 5,5 միլիոն դրամը։ Ինչպե՞ս է այդ տարբերակումն արվում․ եթե մենք վարկի դեպքում դիմում ենք վարկային կազմակերպություն, ապա փոխհատուցման բաղադրիչի դեպքում մենք դիմում ենք նախարարություն»,- ընդգծեց նա։
 
Վերջինս ասաց, որ փոխհատուցման համար դիմողները նախարարությանը դիմելիս պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և հողի մասին անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը, պատճենները կարող են ուղարկվել  [email protected] էլեկտրոնային հասցեին, այն նախարարության կողմից կդիտարկվի, որից հետո նախարարությունն այցելում է, և տեղազննությունից հետո 5-օրյա ժամկետում կայացնում է որոշում, տեղեկացնում է տնտեսվարողին ծրագրի իրականացման հնարավորության վերաբերյալ։
 
Արման Խոջոյանը նշեց ևս մեկ վարկատեսակ, որը նախատեսված է այն անձանց համար, որոնք չեն ցանկանում օրինակ՝ տոհմային ոչխար ձեռք բերել․ վարկատեսակը հետևյալն է․ մինչև 1 միլիոն և 3-15 միլիոն դրամ (հիմնական միջոցների համար սահմանվում է մինչև 5 տարի մարման ժամկետ, իսկ շրջանառու միջոցների համար՝ մինչև 2 տարի, նաև ունի 12 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ 12 ամիս կարող է վարկը չվճարվել)։ 
 
«Այս վարկատեսակից կարող են օգտվել, օրինակ՝ սերմնացուներ ձեռք բերելու, վարի աշխատանքներ կատարելու, ոռոգման համակարգեր, սարքավորումներ, գյուղտեխնիկա ձեռք բերելու համար։ Այսինքն՝ այն ամենը, որ չունենք առանձնացված ծրագրերով»,- մանրամասնեց փոխնախարարը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։