Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան1
A A
Քաղաքականություն

Սա չի վերաբերում անձանց հեռախոսային զանգերի գաղտնալսմանը․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում այսօր արդեն երրորդ արտահերթ նիստին ներկայացրեց Կառավարության կողմից ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Կառավարությունն այս օրենքների նախագծերով առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Նախարարը պնդեց, որ սա բացառապես վերաբերում է համաճարակի դեմ արդյունավետ պայքար մղելուն, և այն չի վերաբերում անձանց հեռախոսային զանգերի գաղտնալսմանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չեն արտահերթ նիստին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը շեշտեց, որ ԱԺ նախագահն անցած նիստին հայտարարել էր, որ ժամը 21։30-ին լինեն խորհրդարանում, բայց ընդդիմությունը ներկա չէ, հետևաբար նրանց նախորդ հայտարարությունները, թե իրենց հավուր պատշաճի չեն իրազեկել արտահերթ նիստի մասին, շոու էին։

Նշենք, որ առաջարկվում է օրենքը լրացնել նոր` 9.1-ին հոդվածով. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձևով և կարգով ու այդ որոշմամբ նշված` պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ` տվյալներ մշակողներ) տրամադրել` 1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են տվյալներ մշակողներին սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա ստացվող տվյալների հետ համադրման համար արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ձևով և կարգով տրամադրել տվյալներ համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում` բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ: Տվյալներ մշակողները կարող են առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներից պահանջել և ստանալ սույն մասում նշված տվյալները:

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում` հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:

Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, դադարումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։ Սույն հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո` արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով:

Բոլոր դեպքերում տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես: