Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով1
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթն ընդունեց․ 21։30-ից հետո կրկին նիստ կգումարվի

Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է մարտի 31-ին, ժամը 11։00-ին տեղի ունեցած արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցի՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քննարկել երկու ընթերցմամբ և երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում։

Բացի այդ Կառավարությունն առաջարկում է նաև երկրորդ ընթերցմամբ քննարկել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Այս մասին ԱԺ գումարված արտահերթ նիստում զեկուցեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը խորհրդարանը 70 կողմ ձայներով ընդունեց։

Այնուհետև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեցին նախագծերը։

Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Իսկ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել։

Խորհրդարանը քվեարկության դրեց հետևալ նախագծերը։ Այդպիսով, անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 69 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Իսկ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքում հերձումներ չիրականացնելու մասին նախագիծը խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 69 կողմ ձայներով։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ օրակարգը սպառվեց։ Սակայն, 3 խմբակցությունների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ այսօր ժամը 21։30-ին կրկին լինեն ԱԺ-ում, որովհետև գումարվելու է արտահերթ նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։