Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gevorg-Papoyan
A A
Քաղաքականություն

Ինչպե՞ս են Արցախում ընթանում ընտրությունները․ Գևորգ Պապոյանը ներկայացրեց

Այսօր՝ մարտի 31-ին Արցախում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

«Ա1+»-ը զրուցեց Արցախում այսօր դիտորդական առաքելություն իրականացնող Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ դիտորդություն իրականացնում է Արցախի Մարտունի քաղաքում և հարակից գյուղերում․ վստահեցրեց, որ նշված վայրերում ընտրություններին մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է:

«Արդեն կարելի է ասել՝ ով պետք է գար, եկել է: Օրինակ մի գյուղում 72 ընտրող կար, 55-ը եկել էին, հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ մնացածը ուղղակի գյուղում չեն ապրում արդեն վաղուց:  Այն մարդիկ, ովքեր գյուղում են ապրում, փաստացի իրենք հիմնականում եկել էին»:

Ինչ վերաբերում է քաղաքային վայրերին, պատգամավորը վստահեցրեց, որ այնտեղ ևս բավականին ակտիվություն է եղել, և տեղում աշխատող ոստիկանները ստիպված են եղել մարդկանց հերթով ներս թողնել.

«Ներսում շատ մարդ  չէր կարող լինել, և ոստիկանները կարգավորում էին օրենքի շրջանակներում: Մարդիկ բավականին մեծ ցանկությամբ մասնակցում էին»:

Մեր դիտարկմանը, թե այսօր սոցցանցերում հրապարակվում են լուսանկարներ, որտեղ մարդկանց կուտակումներ են երևում, արդյոք մասսայական չե՞ն դրանք, պատգամավորն արձագանքեց՝ ընտրությանը մասնակցող շատ քաղաքացիներ կային, բայց կուտակումներ գրեթե չկային, քանի որ տեղում աշխատում և ցուցումներ էին տալիս ոստիկանները:

«Սոցիալական հեռավորությունը հիմնականում պահպանվում էր»:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի շուրջ արցախցիների տրամադրվածությանը,  Պապոյանն ասաց, որ Արցախում մարդիկ իրենց առօրյայով են, բոլոր խանութները աշխատում են, տրանսպորտը աշխատում է.

«Չգիտեմ՝ սա լավ է, թե վատ, բայց Արցախում կորոնավիրուսից վախենալու կամ զգուշանալու տրամադրվածություն մարդկանց մոտ չկար»:

Պապոյանը նաև վստահեցրեց, որ մինչ այս պահը ընդհանուր էական խախտումներ չեն արձանագրել, եղել են մանր –մունր դեպքեր, օրինակ՝ մարդկանց փոքր խումբ է հավաքվել մի տեղ, բայց նրանք եղել են մարդիկ, ովքեր եկել են ընտրելու:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ձայների հաշվարկի փուլին մասնակցելու է արդեն Ստեփանակերտում: