Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփան Գրիգորյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանն անսպասելիորեն կարող է հարձակում գործել․ Ստեփան Գրիգորյան

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար  Ստեփան Գրիգորյանը

 

- Պարոն Գրկգորյան, ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին օրերին ակտիվացրել հարձակումները  հայկական սահմաններին: Երեկ Տավուշում նրանց հարձակումից երեք հոգի, այդ թվում մի երեխա է վիրավորվել:

- Գործոնները շատ են: Այսօր Արցախում տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որով Արցախում կամրանա պետականաշինությունը: Պարզ է, որ դա Ադրբեջանին նյադայնացնում է: Ադրբեջանին նաև շատ ոգևորեց այն, որ ԱՄՆ-ը կասեցրեց Արցախին անմիջական օգնության տրամադրումը,  ԵԱՀԿ գործող նախագահի անմիջական ներկայացուցիչ Անջեյ Կասպերչիկի ռազմական դիտորդական առաքելությունը կորոնավիրուսի պատճառով ժամանակավոր դուրս եկավ կոնֆլիկտի գոտուց: Դրանք զսպիչ մեխանիզմ էին Ադրբեջանի համար: Ի դեպ Ա.Կասպերչիկի առաքելության դուրս գալն ինձ զարմացրեց: Ինչ է, մեծ խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում, ՄԱԿ-ի շրջանակներում աշխարհի տարբեր կետերում, մի տեղից դուրս բերվե՞լ են: Ինչպե՞ս եղավ, որ այստեղից արագ-արագ դուրս եկան:

- Ինչպե՞ս եղավ:

- Կարծում եմ, մի քանի գործոններ կան` այդ թվում այն, որ, ԼՂՀ հարցում, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթացներ են գնում, տարբեր պատճառներով` նաև Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով փոքրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Նրանց լոբիստական կազմակերպությունները ԱՄՆ-ում և Ռուսաստանում բավականին ակտիվ են աշխատում: Այս բոլոր գործոնները իրեն ավելի լկտի պահելու հնարավորություն են տալիս Ադրբեջանին:

- Իսկ եթե Մինսկի խմբի դերակատարությունը թուլանում է, այդ դեպքում ո՞ւմն է ուժեղանում:

- Այսօր ես չեմ տեսնում, որ որևէ խաղացողի դերն ուժեղանում է: Պատճառը, այո, այն է, որ բոլոր մեծ խաղացողների ուշադրությունը կենտրոնացած է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, և ԼՂՀ հարցը առաջին պլանում չէ: Բայց այդ պարագայում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի դերն է մեծանում: Ինքներս պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, շփման գիծն ինքներս պետք է ավելի ուշադիր պահպանենք: Ու քանի որ միջազգային միջնորդների ուշադրությունը թուլանում է, ակնհայտ է, որ պատերազմի վտանգն աճում է, ու հենց մենք պետք է ավելի զգոն լինենք:

- Մե՞ծ է նոր պատերազմի հավանականությունը:

- Մեկ-երկու շաբաթ առաջ համարում էի, որ պատերազմի հավանականությունը բարձր չէ, բայց Կասպերչիկի դիտորդական առաքելության դուրս գալը և ԼՂՀ շուրջ ընթացող այդ պրոցեսները ցույց են տալիս, որ, այո, Ադրբեջանն անսպասելիորեն կարող է նման արկածախնդրության գնալ: Նաև պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանում դժգոհություն է բարձրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, բազմաթիվ մարդիկ Եվրոպայից վերադաձել և բողոքի ակցիաներ են անում: Առանց այդ էլ այդ երկրում ազատությունները քիչ էին, կորոնավիրուսի պատճառով ավելի են խստացվում: Դժգոհությունը մեծանում է, Ալիևը հասկանում է ու չի բացառվում, որ այդ լարվածությունը կարող է թուլացնել՝ պատերազմ հրահրելով: Եվ եթե Արցախում ընտրությունների ընթացքում կամ հետընտրական շրջանում խնդիրներ, վեճեր, լարվածություն առաջանան, կարծում եմ, կարող են օգտագործել այդ վիճակը: Անգամ խաղաղ ընտրությունների դեպքում անցումային փուլ կա, նոր ԱԺ-ն և նոր նախագահն իրենց լիազորությունները մեկ-երկու օրում չեն ստանձնում:

- Այս դեպքում ի՞նչ պետք է անի հայկական կողմը, սպասի՞, թե՞ Ադդրբեջանին զսպելու կոչ անի միջազգային կառույցներին:

- Պետք չէ սպասել, երեկվա Տավուշի դեպքերից հետո այսօր էլ կարելի էր միջազգային հանրությանը կոչ անել, բայց ,ցավոք,  պետք է նշեմ, որ մեր իշխանությունները գրեթե ունակ չեն լսելու: Երբ եղավ  Մինսկի խմբի համանախագահների հետ Չավուշօղլուի հանդիպումը, ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեցի կապ հաստատել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հետ ու իր դժգոհությունը հայտնել: Չարվեց: Հետո ԱՄՆ-ը հրաժարվեց Արցախին աջակցություն տալուց: Եվ եթե դու չես արձագանքում, այդ երևույթները շարունակվում են: Եթե Ադրբեջանը հասկանա, որ մենք միջազգային աջակցություն չունենք, կարող է ավելացնել իր ագրեսիան: Ի վերջո, ապրիլյան պատերազմը աշխարհի միջամտությամբ կանգնեցվեց, այլ բան է, որ եթե Ադրբեջանը շարունակեր, իր վրա թանկ կնստեր:

- Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը կասեցրեց Արցախին հատկացվող ուղղակի օգնությունը:

- Ես համարում եմ, գլխավոր պատճառն այնն էր, որ ՀՀ իշխանություններն անցած տարի Սիրիա հումանիտար խաղաղապահներ ուղարկեցին: Դա ապտակ էր ԱՄՆ-ին ու Արևմուտքին: Եթե ՌԴ-ի հետ բացահայտ համատեղ նման գործողություն ես ծավալում, կոչես հումանիտար, թե խաղաղապահ, դա ռազմական ներկայություն է: Եվ պարզ է, որ ԱՄՆ-ը չէր ների: ԱՄՆ-ը մեզ միշտ ասել է, որ հասկանում է, թե ինչու ենք Իրանի հետ աշխատում այն դեպքում, երբ այդ երկրի դեմ պատժամիջոցներն ավելացնում են: Բայց երբ ակնհայտ թշնամական քայլ ենք անում, ծիծաղելի կլիներ, որ առանձին տողով աջակցեր Արցախին: Մյուս գործոնը ԱՄՆ-ում ադրբեջանական և թուրքական լոբիստական կազմակերպությունների ուժեղանալն է: Մեծ գաղտնիք չէ, որ այնտեղ մեր դիվանագիտությունը պասսիվ է: Բացի այդ ԱՄՆ-ն ու Եվրոպան շատ են զարմացած, որ Վրաստանի և Ուկրաինայի ցանկացած նախաձեռնությանը ՄԱԿ-ում դեմ ենք քվեարկում ՌԴ-ի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի հետ միասին: Երբ նախկին իշխանություններն էին դա անում, այդքան էլ ցավոտ չէր ընկալվում: Եվ այսօր մենք անգամ ուղիղ կապ չունենք անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վերջին շրջանում Ն.Փաշինյանի կապը վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ է: Դա նշանակում է, որ խնդիր կա, և Ադրբեջանում նկատում են, որ առաջին դեմքերի մակարդակով հաղորդակցություն չկա: Եվ դա կարող է նրանց ոգևորել, որ ռազմական գործողությունների դիմեն: