Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բոլոր տվյալները արտակարգ դրությունից հետո կոչնչացվեն, այդ թվում՝ ապաանձնավորված տվյալները․ նախարար (տեսանյութ)

Ազգային ժողովը արտահերթ նիստում՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է երեկ՝ մարտի 30-ին առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը։ Խորհրդարանն այժմ քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախ ասաց, որ երեկ հետևել է սոցցանցերում բուռն քննարկման դարձած այս նախագծերի փաթեթը, որոնք հանրության կողմից միանշանակ չէին ընդունվել։ Քննադատություններից Ռուստամ Բադասյանը արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիները ամենայն լրջությամբ են վերաբերում իրենց իրավունքներին ու ազատություններին։

«Ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք ու ազատություն, եթե պատշաճ բացատրություն չի ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ այդ, թեկուզ համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակելը։ Դա նշանակում է, որ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի քաղաքացիներին համոզենք, թե համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ ինչո՞ւ է անհրաժեշտ գնալ հիմնական իրավունքների և ազատությունների որոշ սահմանափակումների»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Կառավարության անդամը շեշտեց, որ այս սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրությանը, որի ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։ Ըստ նրա՝ քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի հավաքվում և մշակվում։

«Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո, այսինքն՝ ոչ միայն անձնավորված, այլև ապաանձնավորված տվյալները։ Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակային բացահայտում, կարևոր են միայն զանգի կատարման ու տեղակայման փաստերը»,-պարզաբանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։