Բացել լրահոսը Փակել լրահոսը
vache
A A
Հարցազրույց Տնտեսություն

«Հայաստանի տնտեսությանը պետք է արագ լիկվիդայնության ներարկում»․ Վաչե Գաբրիելյան

Անհրաժեշտության դեպքում ՀՀ իշխանությունները պետք է պարտք վերցնեն թե միջազգային դոնոր կազմակերպություններից, ինչպես նաև մեծացնեն ներքին պարտքը․ այս մասին ասաց   ՀՀ  նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը «Ա1+»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ թեև հիմա ՀՀ կառավարությունը դեռ ունի միջոցներ և պարտք վերցնելու մասին չի մտածում, բայց ամեն դեպքում նման իրավիճակները միանշանակ տրամադրում են նրան, որ մտածենք պարտքը մեծացնելու համար ստեղծված պայմաններին համապատասխան լուծումներ գտնելու մասին:

Իսկ նախապատվությունը համեմատաբար էժան արտաքի՞ն պարտքին պետք է տալ, թե՞ ավելի թանկ ներքին պարտքին, որը հիմնականում պետական պարտատոմսեր թողարկելու միջոցով է լինում:

«Դա արդեն տակտիկական կառավարման խնդիրներ է, որ ֆինանսների նախարարությունը պետք է լուծի, թե ինչ արագությամբ է փողը պետք, ինչի վրա ծախսելու համար է պետք, և որտեղից ինչ արագությամբ կստանա: Երկու աղբյուրներն էլ պետք է դրվեն հավասարազոր քննարկման: Այլ հավասար պայմաններում ներքին պարտքը ճիշտ է, բայց եթե ներքին պարտքի տոկոսադրույքները և արտաքին պարտքի տոկոսադրույքները տարբերությունը մեծ է, ապա նախընտրել արտաքինը»,- ասում է Վաչե Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է միջազգային դոնորներին` Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին և այլ կազմակերպություններին, ապա, ըստ  նախկին փոխվարչապետի, հիմա նրանք ակտիվորեն այդ հարցերն են քննարկում, քանի որ այս պահին դա գլոբալ խնդիր է:

Վաչե Գաբրիելյանը անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսության վրա նոր կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված կառավարության քայլերին, ընդունած ծրագրերին և նշեց, թե այդ միջոցառումները բավական ճկուն են, բայց դեռևս հուժկու չեն` պետք է ավելի մեծ թափով և ավելի մեծ ծավալով արվեն: «Իմ կարծիքով տնտեսությանը պետք է արագ լիկվիդայնության ներարկում, բայց ոչ ընդմիշտ` կարճաժամկետ հատվածում պետք է արագ միջոցառումներ անել»,- շեշտեց նա` հավելելով, թե պետք է շատ արագ գումար և գումարին համարժեք միջոցներ ներարկել: