Շիրակում պարենային փաթեթ ստանալու համար դիմած ընտանիքների թիվը անցել է 400-ը
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը։ Շիրակի մարզում եւս շատ են ընտանիքները, որոնք կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում զրկվել են բոլոր ֆինանսական աղբյուրներից։
«Սոցիալապես անապահով ընտանիքների համար պետական աջակցության ծրագիր մշակվել է ու շուտով կիրառության մեջ է դրվելու, սակայն հասկանալի է, որ շատերը հնարավորություն չեն ունենա ընդգրկվել պետական աջակցության որևէ ծրագրում։ Իսկ մեր նախաձեռնության նպատակն է ձեռք մեկնել իրենց»,- նշում է ծրագրի հանրային կապերի պատասխանատու Գրիշա Հովսեփյանը։
Խնդրով մտահոգ գյումրեցիներն ուժերը միավորել են ու նախաձեռնել «պարենային շտապօգնություն» ծրագիրը: Գաղափարին առաջինը հավանություն են տվել ու միացել Շիրակի մարզպետարանն ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը։
«Գաղափարի ամբողջ հիմքը մարդկանց փոխօգնության, փոխաջակցության և սոցիալական պատասխանատվությունն է ու այն ծնվեց այն ժամանակ, երբ շատ քաղաքացիներ մեզ դիմեցին, որ աշխատանք չկա ու զրկվել են իրենց ընտանիքի վերջին եկամտի աղբյուրից, ունեն աջակցության կարիք»,-ասում է Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը։
Ծրագրի հանրային կապերի պատասխանատու Գրիշա Հովսեփյանը վստահեցնում է, որ յուրաքանչյուր ընտանիքի պատմություն մանրամասն ուսումնասիրվելու է:
Հնարավոր կեղծիքներից խուսափելու համար գործի է դրվել սոցիալական երաշխավորի ինստիտուտը:
Միայն ընտանիքի անդամ ու բարեկամ չհանդիսացող անձը կարող է դառնալ ընտանիքի երաշխավոր ու հաստատել տրամադրված տեղեկությունների հավաստիությունը։
«Շահառու ճանաչված ընտանիքներին տրամադրվելու է սոցիալական աջակցության պարենային զամբյուղ (ծանրոց), որը ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ՝ 4 հոգու համար նախատեսված յուրաքանչյուր ծանրոց 10-12 հազար դրամ արժեքով»,- նշում է պատասխանատուն։
Պարենային փաթեթ ստանալու համար նախաձեռնողներին դիմած ընտանիքների թիվն անցել է 400-ը:
Փաթեթն իր մեջ ներառում է` ալյուր, շաքարավազ, լավաշ, բուսայուղ, մակարոն, ձու, մսի ու բանջարեղենի պահածոներ և այլ բազմաթիվ մթերքներ ու տնտեսական պարագաներ։
Այսօր արդեն 10-ը ընտանիքի ուղարկվել է պարենային փաթեթներ։
Այս օրերին նախաձեռնությանը միացել են բազմաթիվ կամավորներ, բարերարներ, մեծ ու փոքր խանութներ: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան օգնել այս ընտանիքներին, կարող են նվիրատվությունն անել http://donate4gyumri.am/ կայքում, ինչպես նաև ֆինանսական հանգանակություն անել հետևյալ հաշվեհամարներով՝
USD 1570025820780101
EUR 1570025820780147
AMD 1570025820780200
RUB 1570025820780158
Ստացող` «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»։
Իսկ կարիքավոր ընտանիքները ծրագրից օգտվելու համար կարող եք գրանցվել shtapognutyun.am կայքում կամ զանգահարել թեժ գիծ +374 94 03 20 42 կամ +374 99 20 22 30 հեռախոսահամարներով։