Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Կորոնավիրուսի հետևանքով առավել տուժած ոլորտը զբոսաշրջությունն է» (տեսանյութ)

Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով առավել տուժած ոլորտն է Հայաստանում. այսօր ասուլիսի ժամանակ նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Նրա խոսքով ՝ ստեղծված իրավիճակում վնասներ են կրում հյուրանոցները, հյուրատները, այլ  զբոսաշրջային սուբյեկտները: Այս ուղղությամբ քննարկումներ են եղել տարբեր զբոսաշրջային սուբյեկտների ՝ ներգնա, արտագնա տուր-օպերատորների, զբոսավարների, հյուրանոցային գործունեություն ծավալողների և ուղևորափոխադրողների հետ, որոնք վիրուսի հետևանքով կրել են կորուստներ: Մշակվել են աջակցության տարբեր մեխանիզմներ՝ ոչ միայն զբոսաշրջության ոլորտի, այլ ընդհանուր ձեռնարկատիրությունների համար:

«Առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում: Մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել վարկավորման իրենց կողմից  50 տոկոս վարկային միջոցների և ևս 50 տոկոս պետությունից աջակցությամբ ֆինանսավորում ստանալու համար, որը կարող են ծախսել աշխատակիցների աշխատավարձերի, պետական կամ համայնքային բյուջեի վճարումների, տուրքերի և կոմունալ վճարումների համար: Մյուս միջոցառմամբ նախատեսվում է  վարկավորման աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար, նախատեսվում է վարկավորում այն գործունեության սուբյեկտներին, որոնց շրջանառությունը 24-ից 500 մլն դրամի շրջանակներում է: Նախատեսված է այնպես, որ մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսվա ընթացքում տոկոսավճարներ նախատեսված չեն, և ևս 2 տարի շարունակում են  վճարել մայր գումարը առանց տոկոսի։ Միայն 12-րդ ամսում օգտվում են 12 տոկոս տոկոսավճարով վարկավորումից : Վաղաժամկետ վճարման դեպքում երրորդ տարվա տոկոսը չի գանձվում: Սա շահավետ կարող է լինել այն բիզնեսների համար, որոնք երկու տարում կարող են մարել վարկը: Այսօրվա ներկայացված նախագծով նախատեսվում է աջակցություն առավել խոցելի ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի վճարումներ նվազագույն աշխատավարձի չափից մինչև 136 հազար դրամ սահմանաչափով,  յուրաքանչյուրի համար հաշվարկման տարբեր մեխանիզմ է գործում»:

Սուսաննա Սաֆարյանը նշեց՝ քանի որ մեկուսացումները իրականացվում են հյուրանոցներում, ապա հյուրանոցները կարող են համագործակցել իրենց հետ՝ տրամադրելով դրանք որպես կացարաններ:

 «Այս պահին թիրախավորված են 50 և ավելի սենյակներ ունեցող հյուրանոցները, քանի որ ցանկանում ենք կենտրոնացած պահել շփման շրջանակը մեկ վայրում: Դիտարկվում են Երևանը,  Ծաղկաձորը, որտեղ մեկուսացվածներ կան և Դիլիջանը: Եթե այս տարածքներում կան գործարարներ, կարող են ներկայացնել գնառաջարկ, և կքննարկվի համագործակցության մանրամասներ: Չի բացառվում՝ անհրաժեշտություն առաջանա փոքր հյուրանոցներին  դիմելու համար»:

Սուսաննա Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ դեռևս առաջին եռամսյակում զբոսաշրջության նվազում էր նկատվում: Նախորդ տարվա համեմատ առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ, ինչը բավականին զգալի կորուստ է՝  հաշվի առնելով, որ այդ շրջանում կային բաց սահմաններ և ճանապարհորդելու հնարավորություն: Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է վատ լինի, քանի որ սահմանները փակվել են, թռիչքները դադարեցված են, և զբոսաշրջային այցելություններ չեն եղել:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ փակ սահմանների դեպքում կզարգանա զբոսաշրջությունը  Հայաստանի տարածքում, և այն խթանելու համար քննարկումներ են ընթանում: Իսկ Գյումրիում նախատեսված քաղաքի բարեկարգման և զբոսաշրջային ենթակառուցվածքի խոշոր նախագիծը կսկսվի իրավիճակի շտկվելուն պես: