Հայուհին ամեն երեկո պատշգամբում երգում է ինքնամեկուսացած ֆրանսիացիների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼիոնի թաղամասերից մեկում ամեն երեկո՝ ժամը 20-ին, ծափերով բժիշկներին շնորհակալություն հայտնելուց հետո, բնակիչները ներս չեն մտնում։ Արդեն գիտեն, որ պատշգամբներից մեկից երգ է լսվելու, եւ ամեն օր՝ տարբեր։
Երգողը 23-ամյա Լուսինե Թադեւոսյանն է։
«Ամեն օր ծափերից հետո երգ եմ կատարում։ Երգերս նվիրում եմ բժիշկներին, բուժաշխատողներին, ոստիկաններին, ինչպես նաեւ մեր քաջ զինվորներին, ովքեր պաշտպանում են սահմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է նա։
Լուսինեն ծնունդով Գյումրիից է։ 9 տարի առաջ է տեղափոխվել Ֆրանսիա։ Ֆինանսների կառավարում է սովորում բուհերից մեկում․, իսկ երաժշտական կրթություն ստացել է Գյումրիի Շերամի անվան 5-րդ երաժշտական դպրոցի վոկալ բաժնում։
«Ա1+»-ի հետ զրույցում Լուսինեն պատմում է, թե ինչ վիճակ է ներկայումս Ֆրանսիայում, որտեղ եւս արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված։ Այսօրվա դրությամբ՝ Ֆրանսիայում 40174 մարդու մոտ է հայտնաբերվել այս հիվանդությունը։
Ըստ նրա՝ իրավիճակը օրեցօր դառնում է ճգնաժամային, հիվանդանոցներում տեղերն արդեն չեն բավարարում։ Բայց հուսով է, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի։ Երգն էլ իրեն լավատեսություն է ներչնչում։ Ասում է՝ տարբեր առիթների ժամանակ, ֆրանսիացիների շրջապատում հայերեն է երգում։ Ուրախանում է՝ երբ բառերը չհասկանալով, ֆրանսիացիներն իրեն խնդրում են նորից երգել։