Բացել լրահոսը Փակել լրահոսը
օդանավակայան5
A A
Հասարակություն

Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը դիմել էին իրենց քաղաքացիներին տեղափոխելու խնդրանքով

Վաղը՝ մարտի 28-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից նախատեսված է  5 թռիչք, որոնցից 4-ի ուղղությունը Մոսկվան է, իսկ 1-ինը՝ Սոչին։  Նույնքան թռիչք է եղել այսօր։

 Օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է փոփոխություններ լինեն, այսինքն՝ մարտի 28-ի 5 չվերթին գումարվեն կամ  դրանք  չեղարկվեն։

Մարտի 29-ին թռիչք կլինի՞, թե՞ չէ, կայքում ինֆորմացիա չկա։ Ըստ Սաթենիկ Հովհաննիսյանի, եթե չվերթ լինի, ապա անպայման կայքում դրա մասին կտեղեկացվի։

Հետաքրքրվեցինք նաև, թե հաշվի առնելով թռիչքների պակասելը, հաշվարկներ կատարեվե՞լ են, թե օդանավակայանը ինչքան վնաս կարող է կրել։ Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ նման հաշվարկներ դեռ չկան։

Այս օրերին չի աշխատում «Շիրակ» օդանավակայանը, որովհետև «Պոբեդա» ավիաընկերությունը մարտի 19-ից դադարեցրել է Մոսկվայից-Գյումրի և հակառակ ուղղությամբ  չվերթները՝  պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների մուտքի վերաբերյալ սահմանափակումներով

«Ա1+»-ը Արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյո՞ք եղել են խնդրանքներ այլ երկրների կողմից, որպեսզի Երևանից իրականացվեն չարթերային թռիչքներ՝  իրենց քաղաքացիներին  տեղափոխելու նպատակով, և եթե եղել են, ապա ո՞ր երկրներն են։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարբեր երկրների կողմից նման խնդրանքներ եղել են և  ԱԳՆ-ն ընդառաջել է։ Թե ո՞ր երկրներից են դիմել, Աննա Նաղդալյանը մանրամասներ չհայտնեց` նշելով, որ դրանք ամենօրյա աշխատանքի մաս են կազմում, որը չեն հանրայնացնում։ Միայն ընդգծեց, որ Վրաստանից ու Իրանից նման խնդրանքներ ստացել են։

Գործընթացն, ըստ Աննա Նաղդալյանի՝ շարունակական բնույթ է կրում։ Նա նշեց նաև, որ Վրաստանից ու Ռուսաստանից դիմումներ են եղել իրենց քաղաքացիներին  Հայաստանից ցամաքային տարբերակով տանելու համար։ Հարցին, թե աջակցություն  եղե՞լ է, Աննա Նաղդալյանն ասաց․

«Բոլոր խնդրանքները, որ մենք ստանում ենք մեր գործընկերների կողմից, եթե հնարավոր լինում է, ցուցաբերում ենք աջակցություն։ Իմ ասած դեպքը մի քանի շաբաթ առաջվա պատմություն ունի և արվել է։ Մեր գործընկերների բոլոր խնդրանքներին մենք ընդառաջում ենք պահի հնարավորությունների սահմանում»։