Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Հասարակություն

CyberHUB-AM-ն ուսումնասիրում է՝ որքանով է անվտանգ Տիգրան Ավինյանի ներկայացրած հավելվածը

Հայտարարություն

CyberHUB-AM թիմի Թվային սպառնալիքների լաբորատորիան ուսումնասիրում է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի ներկայացրած AC19 հավելվածը, որը, փոխվարչապետի խոսքով, հնարավորություն է տալիս, պատասխանելով հարցաշարին, «հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Ձեր առողջական վիճակի վերաբերյալ»։

Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի խոսքով, հավելվածի ծրագրային կոդը հայկական կողմին տրամադրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Այնուհետև, հայաստանյան մասնագետներն այն թարգմանել և փոփոխել են։ Մեր նախնական գնահատմամբ, տեղադրվելուց հետո հավելվածը կապ է հաստատում և տեղեկատվություն է փոխանակում իր հայաստանյան սերվերի և Google Firebase բջջային պլատֆորմի հետ։ Այն նույնականացնում է օգտատերերին հեռախոսահամարներով, հավաքում է մի շարք անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հասցե, աշխարհագրական դիրք։

Հաշվի առնելով COVID-19-ի համավարակի և արտակարգ դրության հետ կապված մարտահրավերները՝ մենք չենք բացառում, որ այս տեղեկատվությունը կարող է անհրաժեշտ և օգտակար լինել, պայմանով, որ իշխանությունները առավելագույնս թափանցիկ լինեն և այս տեղեկատվությունը օգտագործեն բացառապես համավարակի տարածումը կանխելու և մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով։

Նշենք նաև, որ հավելվածը այս պահին գրանցված չէ Google Play-ում կամ App Store-ում, հետևաբար այն հնարավոր է տեղադրել միայն ուղիղ հղմամբ։ Այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ հավելվածը ESET-NODE32 հակավիրուսային համակարգի կողմից նույնականացվում է որպես իրանական վնասաբեր ծրագիր, առիթ է հանդիսացել մեր կողմից հավելյալ ուսումնասիրություններ սկսելու համար։

Ուսումնասիրության արդյունքները կներկայացնենք, երբ դրանք հասանելի կլինեն։