Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Պաշտոնական

«Սասնա ծռերն» առաջարկում է անհապաղ դադարեցնել երթուղայինների աշխատանքը

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երեկ՝ 2020 թ. մարտի 24-ին, ընդունված որոշումը՝ քաղաքացիների ինքնամեկուսացման և նրանց տեղաշարժի էական սահմանափակման վերաբերյալ, անսովոր և ծանր պարտականություն է պետական կառավարման համակարգի, հատկապես՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող իրավապահ մարմինների համար:

Այսօր իսկ բացահայտվեցին տարաբնույթ բացեր և թերություններ: Դրանք, արտակարգ իրավիճակի պայմաններում օբյեկտիվորեն սպասելի լինելով հանդերձ, պետք է հնարավորինս կարճ ժամկետում լրացվեն և շտկվեն:

Մասնավորապես՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մյուս քաղաքներում ու բնակավայրերում թեև տեղաշարժը նկատելիորեն նվազել է, սակայն զգալի չափով չի համապատասխանում սահմանված ռեժիմի պահանջներին:
Միայն ուղևորներով լի երթուղայինների և զգալի չափով ծանրաբեռնված կանգառների առկայությունը բավարար է, որ համաճարակը շարունակի գրեթե նույն տեմպերով տարածվել:

Իսկ Ոստիկանության աշխատանքի աչքի ընկնող թերությունը նրա կարգախմբերի անհավասարաչափ բաշխածությունն է:
Զուգահեռաբար՝ հստակ պատասխաններ չկան, թե ինչպես են լուծվելու ապրուստի միջոցներից և կենսագործունեության նվազագույն պայմաններից զրկվող քաղաքացիների պրոբլեմները:   

Արտակարգ դրության ռեժիմի նշված և բազմաթիվ այլ բացերն ու թերությունները հաշվի առնելով, ՀՀ իշխանություններին առաջարկում ենք.

  1. Անհապաղ դադարեցնել առնվազն երթուղայինների աշխատանքը, քանի որ դրանցում անհնար է պահպանել սոցիալական հեռավորություն:
  2. Հեռացնել համաճարակային իրավիճակի համար անհեթեթ զրահամեքենաները և Ոստիկանության կարգախմբերը ցանցային եղանակով բացազատել քաղաքների ամբողջ տարածքով մեկ՝ մինչև ամենախուլ թաղամասերը և քաղաքացիների նկատմամբ կիրառել համոզման ու հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ:
  3. Առկա ռեսուրսները վերաբաշխել այն տրամաբանությամբ, որ առաջին հերթին լուծվեն կորոնավիրուսով վարակվածների բուժօգնության, համաճարակի տարածման կասեցման, ինչպես նաև աղքատների, օրավարձով ապրողների, վարձակալությամբ բնակվողների, կոմունալ ծառայությունների վճարումների և վարկային ու հարկային պարտավորություններ ունեցողների, աշխատանքը կորցնողների, հարկադիր պարապուրդում գտնվողների և այլ պատճառներով դժվարին կացության մեջ հայտնվածների պրոբլեմները: Այս պրոբլեմների հանգույցը օրավարձով աշխատող հարյուր հազարավոր քաղաքացիների ապրուստի հարցն է, որը լուծելու դեպքում մնացյալ պրոբլեմների կարևոր մասը կլուծվի:
  4. Զուգահեռաբար՝ քայլեր ձեռնարկել կոմունալ և կապի ծառայությունների վճարումները հնարավոր մասով չեղարկելու, առնվազն՝ հետաձգելու, հատկապես գազի և էլեկտրաէներգիայի գիշատչական և ուռճացված սակագները նվազեցնելու, այդ նպատակով՝ համաշխարհային շուկայում էներգակիրների գների կտրուկ անկման համատեքստում Ռուսաստանի հետ կնքված գազի մատակարարման պայմանագրերը վերանայելու, ինչպես նաև բենզինը և դիզվառելիքը ինքնարժեքին մոտ գնով վաճառքի հանելու ուղղությամբ:

Այս ամենն իրականացնելու գործում ՀՀ իշխանություններից պահանջում ենք հետևել արդարության օրենքին և բանկերի ու մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունների փոխարեն նախապատվությունը տալ կարիքավորին, քաղաքացուն, մանր ու միջին բիզնեսին և այնպես անել, որ անխուսափելի տնտեսական կորստի բեռը բոլորի ուսերին դրվի համամասնորեն:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն