Բացել լրահոսը Փակել լրահոսը
AHI_logo_vertical
A A
Պաշտոնական

Թոքերի արհեստական շնչառության տասը սարք՝ #AraratChallenge շարժման հանգանակություններից

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների եւ նախագահների հայտարարությունը կորոնավիրուսային հիվանդության բռնկման վերաբերյալ․ 

 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին: 

«Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք եւ հույս պարգեւելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որեւէ անկյունում: Այդ գաղափարն ավելի քան պատեհ է հատկապես 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ը պանդեմիա համարելուց հետո: Եվ այսօր ավելի, քան երբեւէ մենք հաստատակամ ենք օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր այլապես կարող էին անտեսված լինել կամ ամբողջովին լքված: 

Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու եւ վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարեւոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները:  

«Ավրորան» շարունակելու է երկրորդ հնարավորություն ընձեռել նրանց, ովքեր արդեն իսկ բավական փորձությունների միջով են անցել: Միեւնույն ժամանակ, «Ավրորան» իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ  հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք: 

Իբրեւ համաշխարհային շարժում՝ մարդկանց անվտանգությունն ու առողջությունը մեզ համար ծայրաստիճան լուրջ հարց է:  Այս դժվարին ու անորոշ ժամանակներում մեկ բան պարզ է. յուրաքանչյուր օր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է օգնության կարիք ունենալու, եւ այդ օգնության տրամադրումը մեր պարտականությունն ու պատասխանատվությունն է։

Մարտահրավերը նետված է ամբողջ մարդկությանը, եւ մենք բոլորիդ կոչ ենք անում միանալ «Ավրորայի»՝ այն հաղթահարելու ջանքերին: 


Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ
Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ