Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Հասարակություն

Պոեզիա՞, թե՞ արձակ․ երկու ցանկ՝ կորոնավիրուսային ընկճախտի դեմ

Ինչ կարդալ տանը   կորոնավիրուսի օրերին։  Ընթերցանությունը ,ըստ գրքասերների, այն լավագույնն է, որ կօգնի հաղթահարել ճգնաժամը։Բայց կարևոր է ընտրել այնպիսի գրականություն, որը կօգնի խուսափել լարվածությունից ու դրական լիցքեր կհաղորդի:

Գրքերի իրենց ցանկն են առաջարկում արձակագիրներ, «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» գրքերի հեղինակ Հովիկ Աֆյանը և «Հիսուսի կատուն» գրքի հեղինակ Գրիգը: Ընտրված են այն գրքերը, որոնք հիմնականում առցանց հասանելի են:

Հովիկ Աֆյանը համոզված է, որ կարևորը ոչ թե ինչ կարդալն է, այլ առհասարակ կարդալը, հեղինակը վստահ է, որ ցանկացած, նույնիսկ, «չհաջողված» գիրք, ընթերցողին անպայման ինչ-որ բան տալիս է։

Մասնավորեցնելով, սակայն, նշում է՝  պոեզիան  գրականության այն եզակի ժանրն է, որ կարող է մարդուն տեղափոխել մեկ այլ՝ ավելի լավ աշխարհ քան այն, որտեղ ինքը ապրում է՝ գոնե այս օրերին: Անցնելով արձակին՝ հեղինակը ընթերցողին խորհուրդ է տալիս ցանկում ավելացնել Սարոյան՝ որպես բացառիկ լավատես հայազգի գրող։

 ««Հայրիկ, դու խենթ ես»-ը հատկապես համավարակի այս ընթացքում  հոյակապ ընտրություն կլինի»,-ասում է արձակագիրը։

Այս օրերին հարկադիր տանը մնալը շատերի համար նաև լավ առիթ է տանեցիների հետ ոչ հարկադիր շփման։ Իսկ որոշ գրքեր պարզապես ընդգծում են ընտանիքի ամրության կարևորությունը։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ Հովիկ Աֆյանը խորհուրդ է տալիս ընթերցել Անրի Էռնոյի «Տեղը» վիպակը։

«Սա թեև հայ ընթերցող շրջանակներին հանրածանոթ ստեղծագործություն չէ, և կարող է թվալ տխուր սյուժեով, բայց մեծ խորհուրդ ունի: Այն մասին է, թե ինչ կարևոր դեր ունի ընտանիքը մեր կյանքում ու ինչքան կարևոր է, որ յուրաքանչյուրն այս կյանքում ունենա իր «Տեղը»»,- ասում է նա:

Հաջորդ գիրքը Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին» է. հեղինակի որակմամբ՝ սիրուն, քնքուշ ու դրական, այս օրերի must read-երից:

Ի՞նչ ցանկ է պատրաստել Գրիգը

«Նման օրերին մարդիկ բաժանվում են երկու խմբի: Նրանք, ովքեր ուզում են կտրվել իրականությունից և նրանք, ովքեր ուզում են կարդալ ավելի ծանր գրքեր՝ համոզվելու, որ իրենք միակը չեն»,- այս բաժանմամբ առաջնորդվելով՝ Գրիգը ընթերցողներին ներկայացնում է գրքերի իր ցանկը․

«Առաջին մասը նրանց համար է, ովքեր ցանկանում են այսօրվա իրականությունից փախչել՝ լուսավոր, բարի և հուսադրող:

  1. Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները». սա հատկապես նրանց համար է, ովքեր վստահ են, որ ամեն ինչ սարքած բան է
  2. Վիլյամ Սարոյան ՝ «Հայրիկ, դու խենթ ես». Սարոյանը պարզապես շատ լուսավոր է
  3. Դանիել Քիզ՝ «Ծաղիկներ Էլջերնոնի համար». կորոնավիրուսի մասին չեք էլ հիշի
  4. Միգել դե Սերվանտես՝ «Դոն Կիխոտ». սա էլ դասականներից

Երկրորդ մասն  ավելի ծանր է՝ նրանց համար է, ովքեր նախընտրում են մնալ իրականության մեջ:

  1. Ջորջ Օրուել – 1984
  2. Ռեյ Բրեդբըրի - 451 աստիճան ըստ Ֆարենհայթի
  3. Էնթոնի Բյորջես - Լարովի նարինջ
  4. Օլդոս Հաքսլի - Չքնաղ նոր աշխարհ» ։

 

Ի դեպ, այսօր պոեզիայի միջազգային օրն է։  1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր։

 Որոշման մեջ, մասնավորապես, նշված  է. «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և խորքային հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության լայն շերտերի ուշադրությունը»: