Բացել լրահոսը Փակել լրահոսը
5-64
A A
Քաղաքականություն

«Եթե Ֆեյսբուքը համարվում է ԶԼՄ, թող դիմեն տիրոջը՝ Մարկ Ցուկերբերգին»․ Լեւոն Բարսեղյանը՝ պարետատան սահմանափակումների մասին

«Ինձ համար ակնհայտ է, որ պարետատունը բավարար մասնագիտական պատրաստվածություն չունի արտակարգ  իրավիճակների ժամանակ մամուլի հետ հաղորդակցվելու, մամուլի աշխատանքի համար գործընկերային կանոներ սահմանելու մասով և առաջնորդվում է «Անդրոպովյան» կանոններով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝  անդրադառնալով ԶԼՄ-ների մասով պարետատան սամանափակումներին:

Բարսեղյանի պնդմամբ՝ մամուլի հետ կապված կոպիտ սխալներ են թույլ տրվում՝ հաշվի  չառնելով այն տեղեկատվական միջավայրը, որում գտնվում ենք մենք և ամբողջ աշխարհը:

«Թելադրանքները, թե այսինչ նյութը պարետատան կարծիքով խուճապածին է, հարկավոր է հեռացնել, կոպիտ սխալ է, որովհետև դրանով  որևէ խնդիր չի կարգավորվում»:

Բարսեղյանը կարծում է՝ պարետատան գնահատականը շատ հաճախ արդար չէ:

«Առնվազն սփյուռքում գտնվող մեր որևէ հայրենակից կարող է վերցնել և հրապարակել այն մտքերը, որոնք պարետատունը հանել է տվել հայաստնաբնակ մարդու Ֆեյսբուքից, սա կարդալու  է ամբողջ հայալեզու լսարանը, ի՞նչ է անելու պարետատունը, օրինակ, Լոս Անջելեսում կամ Փարիզում նստած սփյուռքահային: Կամ փակելո՞ւ են ինտերնետը Հայաստանում, սա չի լինի , որովհետև ավելի խայտառակ խուճապի հիմքեր կտա, և ծանր հետևանքներ կբերի»:

Բարսեղյանի խոսքով՝ պարետատան այն ահաբեկվածությունը, թե այս կամ այն լուրից խուճապ կառաջանա, բացարձաակ սխալ է, որովհետև ապատեղեկատվությունը այս դարում ապրում է շատ կարճ.

«Մանավանդ Կառավարությունը և Առողջապահության նախարարությունը այս մասով շատ օպերատիվ են աշխատում և օնլայն տեղեկություններ են տալիս: Հիմա, եթե որևէ մեկը փորձի  խուճապ հրահրել, դրա կյանքը 3-4 րոպե է տևելու»:

«Ասպարեզ» ակումբի ղեկավարը կարծում  է՝ պարետատունը պետք է կարողանա զանազանել փաստական ծավալը մեկնաբանությունից, կարծիքից, վերլուծությունից, քննադատությունից, խիստ քննադատությունից, հեգնանքից և այլն.

«Փաստական ծավալների մասով գրաքննել պետք է այն իմասով, որ եթե փաստական սխալ է հրապարակում որևէ լրատվամիջոց, անպայման պետք է նրա վրա ազդել, սա ուրիշ դաշտ  է, բայց կարծիքը գրաքննելը ոչ միայն սխալ է, այլ նաև անօգուտ է, անհեթեթ, որովհետև որքան շատ կարծիք է լինում, այնքան ճշմարտությանը ավելի շատ են մոտենում մարդիկ»:

Բարսեղյանը հարց է բարձրացնում՝  Հայաստանից ֆեյսբուք  սոցիալական ցանցում ակտիվ գրառումներ անող երևի թե 200 հազար մարդ կա, ինչպե՞ս է վերահսկվելու այդ մարդկանց գրառումները,  թե՞ խտրական մոտեցում է լինելու.

«Ընտրողական մոտեցումը հակասահմանադրական է, իրավունք չունեն իմը հսկել, ձերը չհսկել»:

 «Ասպարեզ» ակումբի ղեկավարն ընդգծում է նաև, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման վերջին գլուխը վերնագրած է ԶԼՄ-ներին, մինչդեռ Ֆեյսբուքի էջը մասնավոր հարթակ է, եթե  այն համարվում է ԶԼՄ, ապա թող դիմեն ԶԼՄ-ի տիրոջը՝ Մարկ Ցուկերբերգին.

«Վերնագիրը նայում ես՝ ԶԼՄ է գրված, բացվածքի մեջ նայում  ես, բոլոր 7 մլրդ մարդկանց է վերաբերում: Այս իրավական թերությունները պիտի վերացվեն»:

Բարսեղյանը մեջբերում է ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման ընթաացքում Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի այն միտքը, թե եթե մարդիկ վստահ չեն, որ իրենց հրապարակումները կարող են խուճապ առաջացնել, կարող են խորհրդատվության համար դիմել պարետին ու փորձել ստանալ տեղեկատվություն, թե արդյոք տվյալ տեղեկատվությունը կարո՞ղ է հանգեցնել խուճապի, թե՞ ոչ , որից հետո փոխնախարարը պնդում է, թե խուճապը ընդհանուր հասկանալի հասկացություն է, և մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել:

Ըստ Բարսեղյանի՝ անհասկանալի է մնում՝ մարդիկ ինքնուրո՞ւյն պետք է հասկանան՝ իրենց գրառումը խուճապածին է, թե՞ պետք է  դիմեն պարետին:

Բանախոսը նաև ընդգծում է՝ պետությունը կարծիք ունենալ չի կարող, պետությունը ունի քաղաքականություն և փաստերի ծավալ, եթե դրա դեմ ստում է որևէ մեկը արտակարգ դրության պայմաններում, պարետատունը պետք  է միջամտի, որովհետև դա խուճապի հարուցման ռիսկ է, բայց երբ մարդիկ տեսակետներ են հայտնում, աշխարհի փորձն են պատմում, այս ամբողջը պիտի ազատ արտահայտվի, այլ ճանապարհ չկա:

Հիշեցնեք, որ մի շարք լրագրողական կազմակերպություններ դիմել էին կառավարությանը՝ պահանջելով չեղարկել Արտակարգ դրության մասին որոշման որոշ կետեր, որոնք վերաբերում են տեղեկատվության տարածման կարգավորումներին:

Կազմակերպությունների պահանջի հրապարակումից  հետո Կառավարությունը որոշակի լրացումներ կատարեց ԶԼՄ-ների աշխատանքի մասով:

Ավելի ուշ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով տուգանք։