Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_4838
A A
Հասարակություն

Ինչպե՞ս  վարորդները վճարեն «պլանը», երբ ուղեւոր չկա

Միկրոավտոբուսային թիվ 99 երթուղում այսօրվանից աշխատում են  «Գազել» մակնիշի  ընդամենը  երկու մեքենա։ Երթուղայինի սկզբնակետը Հարավարևմտյան թաղամասն է, իսկ վերջնակետը՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնը։ Միկրոավտոբուսներից մեկը շարժվում է սկզբնակետից, մյուսը՝ վերջնակետից։ Լուսանկարում՝ սկզբնակետն  է՝ Առնո Բաբաջանյան փողոցում, որտեղ մշտապես 4-5 միկրոավտուբուս էր կանգնած լինում եւ հիմա դատարկ էր։

«Ա1+»-ի հետ զրույցում  վարորդները  դժվարացան  նշել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել։ Ամենայն հավանականությամբ՝ այդ կապ ունի վերջին օրերին ուղեւորահոսքի նվազման հետ։

«Ուղևորներ չկան, գծի փողը չեմ կարողանում տալ»,- ասաց վարորդներից մեկն ու ընդգծեց, որ այս օրերին «պլան» ասվածը՝ սպասարկող ընկերությանը վճարվող գումարը նվազեցվել է, բայց կրկին չեն կարողանում վճարել։

«Էնքան են իջեցրել, որ էդքանն էլ դուրս չի գալիս։ Հարկայինն էլ ուզում է իրենցից, իրենք էլ չեն կարողանում դրանում տեղավորվել։ «Պլանը» տասնքանի հազարից իջեցրել  են 2500 դրամ, բայց 6000, 7000  դրամի գազ եմ վառում, մի ձև էդ 2500-ը տալիս իրենց, դառնում եմ անկապ գործի եկող»,-նկատեց վարորդը։

Վարորդներն, իհարկե, չգիտեն, թե երթուղին մինչև երբ այդ ռեժիմով կաշխատի, բայց ենթադրում են, որ առաջիկա օրերին կշարունակվի։

99 երթուղու վարորդները վստահեցրեցին՝ միկրոավտոբուսները ամեն օր ախտահանվել են։

«Ոչ մի ուրիշ պատճառ լինել չի կարող, որովհետև եթե օրվա «պլանի» կամ այլ խնդիր լիներ, պարզապես չէին աշխատի, եթե աշխատում են, ուրեմն ուղևորահոսքի հետ է կապված»,- «Ա1+»-ին ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե այս ընթացքում հասարակական տրանպորտի վարորդներից «պլան» պահանջվելու է, այդ մասով Երևանի քաղաքապետարանը ի՞նչ է անում, ի պատասխան պարոն Կուբատյանը միայն ասաց․

«Վարորդների խնդիրները միայն ուղևորահոսքի հետ կապված չեն, մի շարք այլ խնդիրներ կան։ Դեռ  արտակարգ դրությունից առաջ՝ մի քանի մասնավոր ուղևորափոխադրող կազմակերպություններ դիմել են Կառավարություն, որպեսզի այս ընթացքում հարկային ինչ-որ արտոնություն տրվի, հիմա Կառավարությունում այդ հարցը քննարկվում է, մինչև Կառավարությունը հստակ պատասխան չտա, մենք չենք կարող ասել, որովհետև այդ հարցը մեր դաշտում չէ»։  

Ինչ վերաբերում է  քաղաքապետարանի ենթակայության ընկերություններին պատկանող փոխադրամիջոցներին, ապա․ «Այստեղ ամեն ինչ ավելի ճկուն է, այս պահին մեծ խնդիր չունենք, միայն ուղևորահոսքի հետ կապված գրաֆիկը մի քիչ փոխվում է»։

 

Ուղևորները  մոտ 60 %-ով նվազել են վարորդ

   Միկրոավտոբուսային թիվ  99  երթուղին միակը չէ, որի վարորդները փաստացի գործից զրկվել են։  Մեկ այլ ուղղության երթուղայինի վարորդը, որը նույնպես չցանկացավ ներկայանալ, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց,  որ վերջին օրերին ուղևորները  մոտ 60 %-ով նվազել են, ինչի հետևանքով վարորդներից ոմանք չեն աշխատում, որովհետև «պլանը» չեն կարողանում վճարել։ Եթե նախկինում 18 վարորդ էին, հիմա մնացել են 8-ը։

««Զաստավիտ» չեն անում, ասում են՝ 2 օր քշի, գումարը հավաքի, նոր կտաս»,- ասաց նա ու շեշտեց, որ «պլանը» իջեցրել են։

«2 օր քշում ենք , 1 օրվա «պլան» տալիս»,- հավելեց նա։

 Հարցին, թե մեքենաները ախտահանվո՞ւմ են, վարորդն ասաց՝ ամեն երեկո։ Երթուղու տնօրինությունը վարորդներին  բժշկական դիմակներ ու ձեռնոցներ է տրամադրել, ոմանք օգտվում են, ոմանք էլ՝ ոչ։ Անձամբ ինքը  չի օգտագործում, պատճառաբանում է, որ շնչահեղձ է լինում,  իսկ ձեռնոցներից էլ ձեռքերը քրտնում են։

«Ղեկը չեմ կարողանում պտտել, ո՞նց դնեմ ձեռնոցը»,- ասաց նա՝  ընդգծելով, որ այս դեպքում էլ մի ուրիշ վտանգ կա։

Վարորդն իր աշխատանքի ընթացքից մի դրվագ պատմեց՝  երիտասարդ աղջիկն իրեն դիմակ ու ձեռնոց է տվել  ու ասել, որ ինքն ամենավտանգավոր գոտում է աշխատում, պետք է հետևողական լինի։

 Հիշեցնենք, որ Երևանում փաստացի գործում է 64 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1120 միավոր շարժակազմով։ Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են թվով 36 մասնավոր կազմակերպություններ։

Մայրաքաղաքի ուղևորափոխադրումներում միկրոավտոբուսների չափաբաժինը ընդհանուր ծավալի մոտ 43.8%-ն է։  2019թ. միկրոավտոբուսներով տեղափոխվել է մոտ 85.3 մլն ուղևոր։