Կորոնավիրուսի հակառակ կողմը. զուգահեռ իրականության մեջ մոլորակն ինքնամաքրվում է
Աջակցիր «Ա1+»-ին«Բնությունը դուրս է մղում մարդկանց շրջակա միջավայրից, որպեսզի պաշտպանի ինքն իրեն»․ այսպես է բնութագրում բնապահպան Սիլվա Ադամյանը վերջին ամիսներին աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները:
Մինչ մարդկությունը արդեն մի քանի ամիս կռիվ է տալիս «անտեսանելի թշնամու» դեմ, բնությունը շտապում է ինքնավերականգնվել:
Համաշխարհային մամուլն ու սոցցանցերի օգտատերերը գրում են ՝ Վենետիկում կարանտինի արդյունքում մաքրվել է քաղաքի հանարահայտ ջրանցքների ջուրը:
Մաքրված ջրերում պարզորոշ երևում են ձկները,-հայտնում են բնակիչները:
Եվրոպական տիեզերական գործակալությունն էլ արդեն տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Իտալիայի մի քանի խոշոր քաղաքներում կրճատվել է NO2-ի՝ ազոտի օքսիդի քանակը:
Չինաստանում ևս օդի աղտոտվածության մակարդակը զգալիորեն նվազել է՝ պայմանավորված երկրի տնտեսական պասիվությամբ:
Աղտոտվածության ցածր մակարդակը արձանագրել են NASA-ի և Եվրոպական տիեզերական ընկերության սպուտնիկները:
Արդյոք արտակարգ դրությունը և մեծաթիվ մարդկանց մեկուսացումներն ու ինքնամեկուսացումները կարո՞ղ են Հայաստանի բնության վրա էական դրական ազդեցություն ունենալ: Հայ բնապահպաններն այս առումով լավատես չեն:
Սիլվա Ադամյանն ահազանգում է՝ մենք գլոբալ խնդիրների առաջ կանգնելու ճանապարհին ենք:
«Բնության այս արձագանքը պիտի դաս դառնա մարդկության համար»,-պնդում է նա:
Ինչ վերաբերում է այս օրերին մարդկային գործոնի նվազմանը և դրա ազդեցությանը բնության վրա, Ադամյանն ասում է.
«Եթե մեքենաները, տրանսպորտը, գործարանները քիչ են աշխատում, օդը քիչ է աղտոտվում, սա իր դրական ազդեցությունը կունենա»:
Բնապահպան Լևոն Գալստյանի համոզմամբ՝ Հայաստանում արտանետումների ծավալները այնքան փոքր են, որ շատ մեծ ազդեցություն ունենալ չեն կարող, մեքնենաների մեծ մասն էլ գազով են աշխատում, ուստի արտանետումները քիչ են:
Բնապահպան Կարինե Դանիելյանը ևս պնդում է, որ մենք լուրջ արդյունաբերություն չունենք, ուստի ժամանակավոր դադարը բնության վրա էական դրական ազդեցություն չի ունենա, նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունն է հիմա ամենալուրջ վնասը հասցնում մեր շրջակա միջավայրին, և եթե այստեղ դադարեցնեն աշխատանքը, որոշ չափով փոփոխություն կլինի:
Միևնույն ժամանակ Դանիելյանը պնդում է՝ ստեղծված իրավիճակն իր համար նորություն չէր.
«Ես վաղուց իմ հոդվածներում գրել եմ, որ մարդկությունն այնքան է խաթարել Մոլորակի բնական զարգացման գործընթացը, որ վերջինիս պատասխաններն ակնհայտ են: Նոր վիրուսի առաջացումը շատ օրինաչափ է, որովհետև գլոբալ փոխված էկոհամակարգերում առաջին հերթին փոխվում են հենց մանրէները՝ վիրուսները, բակտերիաները»:
Սիլվա Ադամյանը ևս պնդում է, որ սա բնության պատասխանն է մարդկությանը.
«Հայաստանը, Չինաստանը , Իտալիան և շատ այլ երկրներ փորձել են և փորձում են շահագործել բնական պաշարները՝ կենսաբազմազանությունը, անտառները, հանքերը, ամբողջը բերում է որոշակի լուրջ խնդիրների»:
Բնապահպանի խոսքով՝ Չինաստանը հզոր տնտեսական երկիր է, բայց իրենք լուրջ խնդիր ունեն հենց բնապահպանության հետ:
«Իրենց շրջապատի հանդեպ շատ վատ վերաբերմունք ունեն, ուտում են ամեն ինչ՝ վայրի կենդանիներից սկսած միջատներով վերջացրած, սա գիշատչային վերաբերմունք է, ինչը բերել է նրան, ինչ ունենք»:
Լևոն Գալստյանն էլ համոզված է՝ կարանտինային օրերին բնության մեջ արձանագրված դրական տեղաշարժերը բավարար չեն, մարդ իր գլխում պետք է փոխի մտածողությունը.
«Ինչ կապ ունի ՝ այսօր մնում են տանը ենթադրենք 10 օր , 20 կամ 30 օր, բայց ինչ-որ իքս օր հետ են գալու նախկին վիճակին, ուստի մարդկությունը պետք է իր վերաբերմունքը փոխի բնության և Երկիր մոլորակի նկատմամբ»:
Ըստ բնապահպանի՝ այս վիրուսը դոմինոյի էֆեկտով դարձել է խնդիր, և ոչ մեկ ապահովագրված չէ, որ վաղը չէ մյուս օրը մեկ այլ խնդիր առաջ կգա: