Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչպե՞ս է կազմակերպվելու հեռավար ուսուցումը (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարությունը բուհերի ներկայացուցիչների հետ քննարկումներ է ունեցել, ինչի արդյունքում բուհերը հաստատել են, որ արտակարգ դրության ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով կշարունակեն աշխատել։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Բուհերը տեխնիկական տարբեր միջոցներով հանձն են առել և սկսել են իրականացնել հեռավար ուսուցումը։ Ըստ էության, բուհերի առումով խնդիրներ չենք ունեցել, առաջիկա օրերին բուհերում իրականցվող այս գործընթացի շուրջ մոնիթորինգ կանենք, հասկանալու՝ այդ գործընթացի ամբողջականությունը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում նախարարարությունը ոգևորություն է նկատել։ Առանց նախարարության միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ սկսել են կիրառել օնլայն հարթակները՝ կրթական գործընթացն ապահովելու համար։

«Ես այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին, մասնագետներին ողջունում եմ, և ասում եմ՝ դուք մեր գործընկերներն եք, մենք էլ՝ ձերը։ Միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք և օգնենք բոլոր այն կրթական հաստատություններին, որոնք մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել հեռավար ուսուցման կազմակերպումը»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ չի կարող ասել, թե այս պահին կարող են ապահովել բոլոր հնարավորությունները, բայց տեղի ունցող գործընթացը դառնալու է հեռավար ուսուցման համազգային պիլոտային ծրագիր։ Նախարարը կոչ է անում հանրակրթական դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, աշակերտերին, ծնողներին ջանքեր գործադրել, որպեսզի պիլոտի իրականացման հարցում հաջողություն ունենան։

«Սա միանգամայն այլ մակարդակի է բարձրացնելու մեր ուսումնական գործընթացները, և ինչպես վարչապետն էր նշում, սա լրացուցիչ հնարավորություն է՝ ստեղծված իրավիճակը օգտագործել որպես հնարավորություն նոր կրթական տեխնոլոգիաները զարգարցնելու համար»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։

Նախարարությունը Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության շրջանակում դասախոսությունների և դասերի անցկացման հնարավորություն է ստեղծել։

«Առավոտյան 8։30-ից մինչև 9։30 կլինեն դասեր, այնուհետև դրանք կվերսկվեն 11։30-ից մինչև 12։40»,- ասաց նախարարը։ Նախարարությունը առաջարկ է ստացել նաև Ucom-ից։ Առանձին ալիք են տրամադրելու դասերի համար, և 24 ժամվա ընթացքում դպրոցականները հնարավորություն կունենան օգտվել այդ տարբերակից։ Հարցին, թե դժգոհություններ կան, ուսանողները գրքեր ձեռք բերելու հետ խնդիրներ ունեն, որովհետև գրադարանները փակ են, իսկ դասախոսներն էլ չեն ընդառաջում, նախարարն ասաց, որ եթե կոնկրետ օրինակ լինի, նախարարությունը ռեկտորների միջոցով կփորձի այդ հարցը կարգավորել։

«Փոխնախարար Գրիշա Թամրազյանը քննարկում է ունեցել ռեկտորների հետ, նրանք պատրաստակամություն են հայտնել այս գործը լիարժեք իրականացնել, ու հեռավար կրթության համակարգը ներդնել, ինչը նշանակում է, որ առաջացող խնդիրներին նույնպես ռեկտորները կարձագանքեն»,- հավելեց նա։

Նախարարից հետաքրքրվեցին նաև, թե ինչպե՞ս են վարվում այն աշխատակիցների հետ, որոնք 60 և ավելի տարեկան չեն, որպեսզի տանը մնան, բայց ունեն ունեն մինչև 10 տարեկան երեխաներ կամ անկողնային հիվանդ հարազատներ, որոնց չեն հարող միայնակ թողնել տանը: Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասաց, որ չգիտի նույնիսկ մեկ օրինակ, երբ նախարարության որևէ աշխատակից նման դեպք է նկարագրել ու հնարավորություն չի ունեցել տանից աշխատելու։

«Ավելին ասեմ՝ երեկ մենք քննարկել ենք ու լրացուցիչ խմբեր ներառեցինք, որոնք կարող են տանից հեռավար տարբերակով աշխատել։ Իհարկե, գլխավոր պայման ենք դրել, որ այն աշխատանքը, որոնք նրանք գրասենյակում էին իրականացնում,ամբողջ ծավալով պետք է նաև տնից իրականանցեն։ Բացի այդ, մենք հերթապահություններ ենք սահմանել, և ավելի փոքր թվով աշխատակիցներ են գալիս։ Երեխա ունեցող, 60 տարեկան և ավելի, խրոնիկ հիվանդություն ունեցող մեր աշխատակիցները հնարավորություն ունեն տանից աշխատել»,- ասաց նախարարը։

Իսկ հնարավո՞ր է հետաձգվի ուսումնական տարվա ավարտն ու ավարտական ընդունելության քննությունները։ Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ դա կախված կլինի դպրոցների՝ հեռավար համակարգով կատարած աշխատանքի ծավալից։ կիրականացնեն։ «Պետք այնպես անենք, որ այս անընդհատության գործընթացի ապահովման արդյունքում հետաձգումներ եթե նույնիսկ լինեն, քիչ լինեն»,- հավելեց նա։

Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին նաև, թե մարզերում մանկապարտեզների վճարները պե՞տք է կատարվեն, թե՞ ոչ։ Նախարարը նախ նկատեց, որ դրանք համայնքի հիմնարկներ են, և համայնքը կորոշի, բայց ենթադրում է, որ ոչ։