Կորոնավիրուսի վարակի տարածվածությունն այնքան բարձր չէ, որքան կարմրուկինը․ փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհում կորոնավիրուսի վարակի աճ կա։ Մարտի 16-ի դրությամբ՝ 167 000-ից ավելի հաստատված դեպք կա, մոտ 3200-ը մահվան ելքով։
Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Հայաստանում հաստաված կորոնավիրուսի դեպքերից 2-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, մնացած պացիենտների առողջական վիճակը բավարար է գնահատվում։
Առողջապահության փոխնախարարն անդրադարձով «Շենգավիթ» համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուսի հայտնաբերմանը։ Ըստ նրա՝ եթե կորոնավիրուսով դեպք է գրանցվում, ապա այն մարդիկ, որոնք վերջին մի քանի օրում սերտ շփում են ունեցել վարակված անձի հետ, մեկուսացվում են 14 օրով։
«Ունենալ սերտ շփում ամենևին չի նշանակում, որ իրենք կարող են վարակվել։ Կորոնավիրուսի վարակի տարածվածությունն այնքան բարձր չէ, որքան կարմրուկինը, այն գրեթե հավասար է գրիպի վիրուսի վարակելիությանը։ Բայց, ամեն դեպքում, բոլոր այն մարդիկ, որոնք շփված են եղել դրական դեպքի հետ, հայտնաբերում ու մեկուսացնում ենք՝ 14-օրյա հսկողություն սահմանելով։ Դիտում ենք, թե 14 օրվա ընթացքում արդյո՞ք իրենց մոտ հիվանդությունը կզարգանա, թե՞ ոչ։ Սիպտոմի առկայության դեպքում անմիջապես իրեն հոսպիտալացնում ենք, և նմուշառում անում»,- ասաց Լենա Նանուշյանը։
Փոխնախարարից հետաքրքրվեցին նաև, թե թոքաբորբով հիվանդ 2 անձինք ի՞նչ վիճակում են, որքա՞ն են ապաքինման շանսերը, քանի՞ տարեկան են։
Ի պատասխան՝ Լենա Նանուշյանն ասաց, որ միջին տարիքի են, թոքաբորբն էլ թեթև են տանում։ «Ստանում են սիպտոմատիկ բուժում, և մենք վստահեցնում ենք, որ բուժումը արդյունավետ է լինելու»,- նշեց Լենա Նանուշյանը։