Բացել լրահոսը Փակել լրահոսը
092e9ece39433999bfd286b4208b8753
A A
Հասարակություն

 «Գոլդեն փելես»-ում մեկուսացված  վարսավիրը՝ իր վիճակի մասին  

«Մարտի 11-ին ինձ սանէպիդկայանից  զանգեցին ասեցին, որ 14 օրվա համար անհրաժեշտ իրեր վերցնեմ, պիտի տեղափոխվեմ Ծաղկաձոր: Նշեցին նաև, որ չեմ կարող առարկել. որոշումը պարտադիր է»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացված վարսավիրը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։

Նա նշեց, որ մեկ սենյակում  երեքով են՝  ինքը, մեկ այլ վարսահարդար և կոսմետոլոգը՝ բոլորն էլ նույն գեղեցկության սրահում են աշխատում: Իտալիայից ժամանած՝ էջմիածնեցի կորոնավիրուսով վարակված   կնոջը, սակայն, սպասարկել են տարբեր օրերի՝ ամսի 3-ին, 7-ին և 8-ին: 

Նրանք մեկ սենյակում են գտնվում, որովհետև, ըստ մասնագետների, նույն կարգավիճակում են։ «Սենյակում, որը հսկայական է, դիմակներ ենք կրում և փորձում միմյանցից հեռավորություն պահպանել, էսպես ավելի լավ է, գոնե էլի շփվում ենք իրար հետ օրը շուտ անցնում է, թե չէ 14 օր մենակ մնալ շատ դժվար կլիներ։ Էնպես է, որ էլի կան ընտանիքներ, որոնք նույնպես մի քանի հոգով նույն համարում են», -ասաց նա:

Մեկուսացված երեք աշխտակիցներն էլ առ այսօր չեն ջերմել, նրանք այսօր կոկորդի և քթի քսուք են հանձնել՝ թեստավորման նպատակով: Վերջիններիս ընտանիքները դեռևս մեկուսացված չեն, կմեկուսացվեն, եթե թեստի արդյունքները դրական լինեն:

Խոսելով իրենց վիճակի և բուժաշխատողների վերաբերմունքից ասում է, որ թեև անհանգստություն կա, բայց խուճապի չեն մատնվում. «Աշխատակիցները շատ հոգատար են, ինչի կարիք, որ ունենում ենք, բերում են՝ թեյ, սուրճ, հողաթափեր։ Անգամ սնունդը, եթե չենք ուզում, ասում են՝ թող մնա, հետո կարող ա ուզեք»։

Վարսավիրն ասում է, որ իրենք թեև նույն հյուրանոցում են գտնվում, բայց մյուս մեկուսացվածների մասին տեղեկություն չունեն, միայն հեռուստացույցով են նորություններին տեղեկանում. «Ինձ էստեղ հաճախ են զանգում՝ իմանալու՝ ոնց եմ, իրավիճակը ոնց է, բայց մենք գիտենք այն, ինչ բոլորը։ Մենակ թե մենք էստեղ ավելի հանգիստ ենք,  քան դրսի ժողովուրդը»։

Վերջում նա խնդրեց հատուկ նշել, որ իրենք (երեք աշխատակիցները) ո’չ չարացած և ո’չ էլ վատ են  տրամադրված   էջմիածնեցի  կնոջ դեմ։

 «Ճիշտ է ինքը անզգուշություն ցուցաբերեց ու դրանից հեչ լավ բան չստացվեց, բայց պետք չի անձնական վիրավորանքներ հասցնել ու էդքան ատել։ Թող ինչքան հնարավոր է շուտ սա ավարտվի, բոլորն էլ  առողջանան ու իրենց սովորական առօրյային անցնեն»,- եզրափակեց նա։