A
A
«Քաղաքացիներն այնքան էլ պատրաստ չեն ինքնամեկուսացման»․ ինչպիսի՞ն է իրավիճակն Աբովյանում
Աջակցիր «Ա1+»-ին«Այս պահի դրությամբ մեր բոլոր ՀՈԱԿ-ները չեն աշխատում՝ բացի կոմունալից, այսինքն՝ երաժշտական դպրոցը, գրադարանը, մանկապարտեզները չեն աշխատում։ Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատանքներին, առցանց ռեժիմի ենք անցել, այսինքն՝ քաղաքացիներն օնլայն են դիմում կամ քաղաքապետարանի դիմաց դրված արկղ ունենք, որտեղ դիմումները, նամակները գցում են, պատասխանում ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Աբովյանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Անի Կարապետյանը՝ անդրադառանալով քաղաքում տիրող իրավիճակին։
Իսկ հարկադիր պարապուրդի դիմաց, ըստ նրա, ՀՈԱԿ-ի աշխատակիցները փոխհատուցում ստանալու են։
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատելու մասով՝ Կարապետյանն ասաց, որ նրանք, որոնք երեխա ունեն, 60-ին մոտ մարդիկ, նրանք, որոնք կարող են տանից աշխատել, տանից են աշխատելու, իսկ մնացածը, ում աշխատանքը հնարավոր չէ օնլայն, համայնքապետարանից է աշխատելու։
Իսկ ախտահանիչների (ալկոգել), դիմակների մասով՝ քաղաքապետարանի մամուլի խոսնակն ասաց, որ ուսումնասիրություն չեն կատարել, սակայն իր տեղեկություններով՝ սուպերմարկերտները, տնտեսական խանութները հագեցած են թե՛ ալկոգելով, թե՛ օճառներով, սննդի վաճառքի խուճապ չկա։
«Որ խանութն էլ, որ մտնեք, մեզ մոտ դատարկություն չկա։ Չկա այն վիճակը, որ լսում եմ Երևանի մասին։ Պարենի պաշարը բավարար է, բայց գուցե գնային տատանումներ լինեն»։
Իսկ դեղատներում դիմակների առկայության մասով՝ նա ասաց, որ ժամանակ է եղել, որ հարցում է արել, պատասխանել են՝ «հենց նոր է վերջացել», իսկ երբեմն էլ՝ «չունենք», այսինքն՝ այս դեպքում իրավիճակը տատանվող և ոչ վերահսկելի։
«Քաղաքապետարանն այս պահի դրությամբ դիմակի և ախտահանող միջոցների պատվեր ունի, սպասում ենք դրան։ Իհարկե ախտահանում կատարվում է այն միջոցներով, որ այժմ ունենք։ Դեպի Երևան գնացող «259» համարի կապույտ ավտոբուսները, տեսանյութն ուղարկել են, դեպի Չարենցավան գնացող երթուղայիններն են ախտահանվում, մնացածից դեռ տեղեկություն չունենք։ Այս պահին քաղաքացիներին, տնտեսվարողներին քաղաքապետարանից հրահանգներ կան, որ եթե իրենց պատկանող կազմակերպությունները բացված են մնալու, ախտահանվեն պատշաճ կերպով՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- շարունակեց Անի Կարապետյանը։
Նա նշեց, որ քաղաքացիներին հորդորում են տանից դուրս չգալ, և խնդիրն այն է, որ քաղաքացիներն այնքան էլ պատրաստ չեն ինքնամեկուսացման։ «Եթե օրինակ՝ գույքահարկը կարող են վճարել մեկ շաբաթից կամ առցանց, զանգեն համայնքապետարան, ասեն․՝ «ծածկագիրն ասեք, մենք վճարում ենք կատարում «Թել-սել»-ի միջոցով», չեն անում, իրենք այդ մի շաբաթը չեն համբերում, ուզում են գալ, առձեռն տալ, շփում ունենալ։ Սակայն սպասարկող բաժնի աշխատակիցները պատրաստված են իրավիճակին համապատասխան»,- եզրափակեց քաղաքապետարանի մամուլի խոսնակը։