Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, 5 քաղաքացի վերահսկողության տակ է
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզում վերահսկողության տակ է գտնվում 5 քաղաքացի՝ արտասահմանից եկած, բոլորը այս պահին գտնվում են ինքնամեկուսացման մեջ, բժիշկների հսկողության տակ են։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Սևակ Դվոյանը:
«Բոլոր հիվանդանոցներում կան նախնական պատրաստված և ամեն ինչով հագեցած մեկուսարաններ, վերահսկողական միջոցառումները իրականցվում են, ալկոգելերով բոլոր հասատությունները ապահովված են, ընդհուպ մարզպետարանում կատարվում են ջերմաչափումներ»:
Հարցին, թե քննարկվո՞ւմ է հեռակա աշխատանքի անցնելու տարբերակը, վարչության պետի տեղակալն ասաց՝ սպասում են Կառավարության որոշմանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մարզում այս պահին թեստեր չկան, բայց չկան նաև կասկածելի և ռիսկային դեպքեր:
Փետրվարի 29-ի դրությամբ մարզ են ժամանել հինգ անձինք, որոնք մինչ այս պահը որևէ գանգատներ չունեն,- տեղեկացրեց Դվոյանը:
Վերահսկողության տակ գտնվող քաղաքացիները Մարտունու, Գավառի և Սևաի տարածաշրջանից են:
«Մեկ դեպք ունեինք Գավառից, Ֆրանսիայից էր ժամանել, հիմա Երևանում է, Երևանի տեսչությունն է զբաղվում, բայց նա ևս գանգատներ չունի:»:
Վարչության պետի տեղակալը վերջում կատակով հավելեց.
«Խմիչքն էլ կա խմում ենք, պիտի որ մեզի չկպնի»:
«Ա1+»-ը զրուցեց նաև Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանի հետ, վերջինս նշեց, որ ապահովված են և՛ դիմակներով, և՛ ախտահանող նյութերով:
Հավելեց, որ կասկածելի դեպքեր չեն արձանագրվել, իսկ սուր շնչառական վարակներով դեպքերը քիչ են:
«Ունենք օտարերկրացիներ, որոնք հսկվում են շուրջօրյա ռեժիմով, եկել են Համբուրգից, Իտալիայից, նաև Ռուսաստանի Դաշնությունից, նրանք ինքամեկուսացված են, բժշկի հետ շուրջօրյա կապի մեջ են»,-նշեց Էլիզբարյանը: