Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Կարի ֆաբրիկայից մարդի՞կ են մեկուսացվել․ խոսնակի պարզաբանումը

Համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով 6 մարդ մեկուսացվել է։ Նշվում էր, որ ըստ տեղեկությունների՝  նրանք շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, որը վերջերս էր եկել Իտալիայից։ 

Տեղեկությունը ճշտելու համար «Ա1+»-ը կապ հատատեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։

«Դե իրականում գործողություններ ամբողջ Հայաստանով կարող են ընթանալ։ Որևէ արտառոց, տարօրինակ բան, կարծում եմ, չկա, թե կոնկրետ որտեղից են մարդկանց մեկուսացնում կամ տանում կարանտինի գոտի»,- ասաց Նիկողոսյանը։

Առողջապահության մամուլի խոսնակն նշեց, որ կոնկրետ սրա վերաբերյալ տեղեկություն չունի, իսկ այսպիսի բաները սովորական գործընթացներ են, որոնք պետք է կատարվեն։ Հարցին, թե նախարարությունը քայլեր կատարո՞ւմ է Չինաստանից մասնագետներ ներգրավելու համար՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, Նիկողոսյանը պատասխանեց․ «Այս պահին ոչ, եթե լինի, մենք կհայտարարենք»։

Չինաստանից մասնագետների ներգրավման հարցով կապ հաստատեցինք նաև Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Նա ասաց, որ նման տեղեկատվություն չունեն։