Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժբախտ պատահար Վանկուվերում

Սպորտ

21-ամյա վրացի մարզիկ Նոդար Կումարիտաշվիլին Վանկուվերում պատրաստվելով սահնակային սպորտի մրցումներին, մարզման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել, իսկ հիվանդանոցում ուշքի չգալով` մահացել է:

Միջադեպը տեղի է ունեցել օլիմպիական խաղերի բացման արարողությունից մի քանի ժամ առաջ: Նոդար Կումարիտաշվիլու սահնակը 145 կմ/ժամ արագության ժամանակ շրջվել է, դուրս եկել մրցուղյակից եւ բախվել երկաթյա արգելապատնեշին: Նրան ուղղաթիռով անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել մահացու վնասվածքներ ստացած մարզիկին:

Վրաստանի օլիմպիականների ղեկավար Իրակլի Ջափարիձեն բացման արարողությունից առաջ հայտարարել է, որ վրացի մարզիկները հնարավոր է չմասնակցեն խաղերին, քանի որ հոգեբանորեն ճնշված վիճակում են գտնվում այդ պատահարից հետո:

Ի դեպ, մինչ այդ մարզումների ժամանակ վնասվածքներ էին ստացել եւս 10 սահորդներ, իսկ սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Ֆենդտը նախապես զգուշացրել էր, որ Վանկուվերի մրցուղյակը իր հատկանիշներով բավականին վտանգավոր է մարզիկների համար:

Նոդար Կումարիտաշվիլին այս տարի մասնակցել էր աշխարհի գավաթի հինգ փուլերին եւ ընդհանուր հաշվարկով զբաղեցնում էր 44-րդ տեղը: