Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տնտեսագետ
A A
Տնտեսություն

Ինչպես կորոնավիրուսը, նավթի եւ ռուբլու արժեզրկումը կազդեն ՀՀ տնտեսության վրա

Նոր կորոնավիրուսով պայմանավորված` նկատվում է նավթի գների անկում, նաև ռուբլու արժեզրկում։

«Ա1+»-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց տնտեսագիտության դոկտոր, տնտեսագետ Կարեն Ադոնցից։

«Արդեն ազդեցությունը զգացվում է։ Ռուբլին անկում ապրել է, ռուսական բորսաներն այսօր չեն աշխատում․ արժույթը մոտավորապես 73 ռուբլի մեկ դոլարի համար։ Ազդեցություն կլինի Ադրբեջանի վրա էլ, մեր վրա կանդրադառնա մի քանի գործոններով։ Մեր վերամշակող ոլորտի արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, արտահանման շահագրգռվածությունը կտրուկ անկում կապրի»,- ասաց տնտեսագետը։

Ադոնցի խոսքերով՝ անկումը հիմնականում պայմանավորված է երկու գործոնով․ մեկը՝ քանի որ Չինաստանում տնտեսական ակտիվությունը կտրուկ անկում է ապրել, նվազել են հումքի, նավթային ռեսուրսների գնումները․ «Եթե ապրանքի պահանջարկը Չինաստանի վիճակով պայմանավորված անկում է ապրում, առաջանում է ապրանքների ավելցուկ, գների անկում է լինում»։

Տնտեսագիտության դոկտորը ևս մեկ գործոն նշեց այս հարցում․ երեկ հայտարարվեց, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC - The Organization of the Petroleum Exporting Countries) համաձայնության չեկան այն բանում, որ արդյունահանման ծավալները կրճատվեն՝ գնի պահպանման համար, Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ ավելացնելու է  նավթի արդյունահանումը կես միլիոն բարելով։ «Բայց հիմնականում պատճառը Չինաստանի տնտեսական ակտիվության նվազումն է»,- ընդգծեց նա։

Իսկ բացի ոսկուց՝ Հայաստանից արտահանման մասով կբերի նաև պղնձի գների անկման։ 

Հարցին՝ ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները նավթի գների անկման կոնտեքստում, որ հնարավորինս քիչ հարված հասցվի երկրի տնտեսությանը, պատասխանեց, որ մեր հիմնական խնդիրը տնտեսության կառուցվածքը մեծացնելն է։

«Արտադրում ենք այն ապրանքները, որոնք խոցելի են։ Այս կորոնավիրուսով պայմանավորված՝ դա մեծ վնաս է հասցնելու։ Մեր հիմնական արտահանման ոլորտներն են տուրիզմը, վերամշակող ոլորտը, պղնձի արտահանումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մի քիչ էլ տեքստիլ և այլն։ Հիմա երեք ճյուղ ծանր հեռանկարի տակ է՝ գյուղատնտեսություն, վերամշակում, որ արտահանվում է ռուսական շուկա, և տուրիզմը՝ պայմանավորված այս գլոբալ վիրուսային խնդրով․ բնական է, որ մուտքերը մեզ մոտ նվազելու են»,- շարունակեց Կարեն Ադոնցը։

Ըստ տնտեսագետի՝ խնդիրն այն է, որ Հայաստանում այլ ոլորտների զարգացման ուղղությամբ քայլեր չեն կատարվել, տնտեսության կառուցվածքը նեղ է, և շատ կարևոր է, որ գործնական, օպերատիվ քայլերը կատարվեն, խուճապ, խառնաշփոթ տեղի չունենա։ Նա նշեց, որ եթե դեպի Հայաստանի տուրիստական մուտքերը նվազեն, հնարավոր է, որ դրամի արժեզրկման հավանականություն առաջանա, եթե դոլարային, արտարժույթի մուտքերը պակասեն։

«Պետք է խուճապ չլինի, կանոնակարգված լինի, Կենտրոնական բանկն ուշադիր լինի։ Երկրորդը․ բնակչությունը ժամանակավորապես հիմնականում պետք է գնի տեղական արտադրանք, որ կարողանա պահպանել հավասարակշռվածությունը։ Երրորդը․ պետք է զարգացնել տնտեսության նոր ոլորտներ, որոնք խոցելի չեն, օրինակ՝ արդյունաբերական ոլորտներ, որոնք նման վիրուսներով խոցելի չեն։ Տուրիզմ, գյուղատնտեսություն, վերամշակում․ դրանք այն ոլորտներն, որոնք բացի Ռուսաստանի վիճակից, հենց այս վիրուսով պայմանավորված են խոցելի»,- շեշտեց տնտեսագիտության դոկտորը։

Կարեն Ադոնցն ասաց, որ Իրանի հետ սահմանը մենք փակեցինք, և հարցադրում արեց՝ «բա՞ որ Հայաստանի հետ սահմանը փակեն»։ Իրանի տնտեսության վրա, ըստ տնտեսագիտության դոկտորի, կորոնավիրուսի տարածումը փաստացի ազդեցութուն արդեն ունենում է, նրա սահմաններն այլ պետությունների հետ հիմնականում փակվել են․ տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտի հետ կապված խնդիրներ կան։ 

«Նավթի ու ընդհանրապես հումքային շուկայի գնի անկումն ընդհանրապես բերելու է Իրանի համար նոր խնդիրներ, չհաշված բոլոր պատժամիջոցները և այլն»,- հավելեց նա։

Թուրքիայի մասով տնտեսագետն ասաց, որ այդ աստիճանի խնդիր չի ունենա, քանի որ Թուրքիան լայն տնտեսություն, մեծ ներքին շուկա ունի։ 

«Ու ասել, որ Թուրքիայի վրա անդրադառնալու է, ոչ այնքան։ Որովհետև Թուրքիան հիմնականում արտադրող է, լայն պրոֆիլով տնեսություն ունի, հումքային երկիր չէ։ Ընդհակառակը, եթե հումքի գները նվազեցին, դա կարող է նաև խթանել այդ տիպի արտադրող երկրների արտադրությունը, եթե ունեն ներքին մեծ շուկա։ Թուրքիայի հարցը հարցականի տակ, կախված է ընդհանուր համաշխարհային տնտեսական վիճակից»,- եզրափակեց Կարեն Ադոնցը։