Բացել լրահոսը Փակել լրահոսը
89242365_225337695258729_8195949712860250112_n
A A
Հասարակություն

Այս պահին հաշվառված է 1043 բռնարար, նրանցից 121-ը կին է․ Նելլի Դուրյան (տեսանյութ)

Ոստիկանությունն ընտանեկան բռնության առնչությամբ 2018 թվականին սկսել է իր գործառույթները, աշխատակիցները վերապատրաստվել են, սա շարունակվում է մինչ օրս։ Գործում են նաև կացարաններ։ Բռնության ենթարկված կանայք տեղափոխվում են այնտեղ,  նշում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

2010 թվականից առայսօր հաշվառման վերցվել 1789 բռնարար, նախազգուշացում է կիրառվել 1364 դեպքում, ասում է նա։

«Օրենքով նախատեսված է 3 պաշտպանական միջոց, որոնցից երկուսը վերապահված է ոստիկանության ծառայողներին, իսկ երրորդը՝ դատարանին։ Մենք կիրառում ենք նախազգուշացումը և անհետաձգելի միջամտությունը։ Անհետաձգելի միջամտություն է իրականացվել 435 դեպքում՝ բռնարարին տանից հեռացնել և անհետաձգելի պաշտպանական միջոցներ իրականացնել։ 3196 դեպքում ընտանեկան բռնության ամփոփագրեր են ունեցել, օպերատիվ խումբ է մեկնել և կիրառել օրենքով նախատեսված գործառույթներ»։

Նելի Դուրյանը նշում է, որ հաշվառումից հանվել է 756 բռնարար, հաշվառումը օրենքով նախատեսված է մեկ տարի։ Սակայն եթե նույն բռնարարի վերաբերյալ ահազանգ է լինում, ոստիկանության աշխատակիցը նրան նորից վերցնում է հաշվառման տակ։ Այս պահին հաշվառման մեջ է 1043 բռնարար, նրանցից 121-ը կինը է, երեքը՝ անչափահաս։

«Վորդ Վիժն» Հայաստանի Երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը, անդրադառնալով Գյումրիում վերջերս տեղի ունեցած բռնության դեպքին, նշում է, դեպքը ցույց է տալիս, որ առկա են համակարգային խնդիրներ։ Նա կարևոր է համարում, որ կրթության նախարարությունը կրթական աշխատանքներ իրականացնի ուսուցիչների, դաստիարակների և երեխաների հետ։

Հիշեցնենք, որ Գյումրիում ծեծի հետեւանքով 43-ամյա կինը մահացել է, նրա 13-ամյա դուստրը ծանր վիճակում է՝ հիվանդանոցում։

«Պետք է ունենանք այնպիսի հասարակություն, որը ունի զրո հանդուրժողականություն բռնության հանդեպ։ Երբ Գյումրու դեպքի հետ կապված հարցումներ արվեց, հարևանները ասում էին, որ հաճախ են կնոջը և երեխային տեսել կապտուկների մեջ, մինչդեռ դպրոցում ասում էին, որ երեխան բռության նշաններ չի ունեցել։ Լուսավոր նկարներ է նկարել, ինչը նշանակում է, որ հանգիստ ներաշխարհ է ունեցել։ Ժամանակն է, որ խոսենք դպրոցներում և ուսումնական հաստատություններում բռնության մասին հաղորդելու պարտադիր մեխանիզմ կիրառելու մասին։ Ոստիկանը պետք է միջամտի դեպքին, երբ բռնությունը արդեն պատժելու է, իսկ  այսօր ոստիկանները վերցրել են իրենց վրա ոստիկան – սոցիալական աշխատողի դերը, որովհետև սոցիալական պաշտպանության համակարգը դեռևս կայացած չէ»։

Աիդա Մուրադյանը նաև նշեց, որ որ խնամակալության և հոգաբարձունների մարմինը պետք է հանձանաժողովի միջոցով խնդիրները բարձրացնի, սակայն հանձնաժողովի աշխատակիցները կամավորներ են և հաճախ մասնագետներ չեն․

«Ստացվում է, որ կարևոր լիազորությունը տրվում է մի օղակի, որոնք մասնագետներ չեն»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշում է, որ ստացվում է այնպես, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը գործում է, սակայն բռնության դեպքերը շարունակվում են։

«Կա երեք խնդիր, մեկը կնոջ պատկերացումն է, որ կարող է բռնության ենթարկվել, և դա նորմալ է, երբեմն ծնողներն են դա խրախուսում։ Երկրորդը հասարակության մոտեցումն է, եթե շարունակենք բռնության ենթարկված զոհերին սոցհարթակներում քննարկել, ընտանեկան կյանքը դարձնել մաստակ և ծամել, սա տանելու է նրան, որ այն մարդիկ, որոնք արձագանքում են բռնությանը, կարող են արդեն խուսափել խոսելուց։ Այսպիսով մենք վտանգում ենք այդ գործընթացը։ Կարևոր է նաև, որ անձնական տվյալների պաշտպանության տվյալները պաշտպանված լինեն», ասաց նա։