Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8-րդ հրաշալիք` «Կուկուռուզնիկի» փոխարե՞ն

Հասարակություն

Հայ ճարտարապետներին այդպես էլ չի հաջողվում ներկայացնել նախկին Երիտասարդական պալատի փոխարեն կառուցվելիք համալիի նախագիծը:

Տարածքի սեփականատեր` «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունը այստեղ ցանկանում է INTERCONTINETAL հյուրանոցային համալիր ու բիզնես կենտրոն կառուցել:

Ընդ որում` նախագծել կարծես չի հաջողվում նաեւ օտարերկրացի ճարտարապետներին, քանի որ շենքի կառուցման համար հայտարարված բաց միջազգային մրցույթում եւս հաղթող չգտնվեց:
Հունվարի 24-ին ամփոփված մրցույթին մասնակցում էին աշխարհի մոտ 60 երկրից 1145 ճարտարապետ, որից միայն 100-ը` Հայաստանից: Ի դեպ, եզրափակիչ փուլ հայկական նախագծերից ոչ մեկը չէր անցել:

«Մեր ճարտարապետները շատ քիչ են մասնակցում միջազգային մրցույթներին, պատրաստ չեն եւ լավ չեն պատկերացնում, ինչպես պետք է ներկայացնեն իրենց աշխատանքները: Ոչ պատրաստ լինելու հետեւանքը դա էր»,- ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով նախկին «Երիտասարդական պալատ»-ի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է:

Անահիտ Թարխանյանը չի մասնակցել միջազգային բաց մրցույթին, քանի որ գտնում է, որ պետք է վերակառուցվի Երիտասարդական պալատի` «Կուկուռուզնիկի» հին շենքը:

«Հարցն այն չէ, որ իմ նախագիծը չէր ընտրվի, պարզապես խնդիրը դրված չէր հին նախագիծը վերարտադրել»,- ասաց Արթուր Թարխանյանի դուստրը, ով նաեւ չի հավատում պատվիրատուին`2003թ Երիտասարդական պալատի շենքը գնած եւ այն քանդած «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ տնօրենին:

Նրա խոսքերով` տնօրեն Էդվարդ Ավետիսյանը հինգ տարի առաջ քանդել է «Կուկուռուզնիկ»-ը` փոխարենը աշխարհի 8-րդ հրաշալիքը կառուցելու համար: Իսկ միջազգային բաց մրցույթում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած նախագծերը, նրա գնահատմամբ, ավելի շատ կսազեին Չիկագոյին կամ Նյու-Յորքին:

Քանի որ այս տարիների ընթացքում այդպես էլ ոչինչ չի կառուցվում, Անահիտ Թարխանյանը  կարծում է, որ այս տարածքը պետք է  վերադարձվի պետությանը:

Այդ դեպքում նա նաեւ պատրաստ է իր  նախագիծը առաջարկել, որը միանշանական կնմանվի իր հոր նախագծին:

«Էդվարդ Ավետիսյանը որպես սեփականատեր իրավունք ուներ քանդելու շենքը, քանի որ դա հաշվարկված չէր 9 բալանոց սեյսմակայունության համար: Ամբողջ Երեւանը նախագծված է 7 բալանոցով, ի՞նչ է քանդենք Երեւանը»,- հռետորական հարց հնչեցրեց Անահիտ Թարխանյանը: