Բացել լրահոսը Փակել լրահոսը
89031615_133625074643080_5619006460957556736_n
A A
Հասարակություն

«Ասում են` միացնենք, վերջացնենք, նոր գանք քննարկման։ Ձե՞ռ եք առնում»

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 107 աշխատակիցներից 75-ը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։

«Փորձում ենք կանխել այն վտանգները, որոնց առջև մարդիկ կարող են կանգնել ապագայում»,-արդյոք այս քայլով չե՞ք վտանգում պացիենտների կյանքը՝ հարցին այսպես է պատասխանում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։

Նրանք այս կերպ բողոքում են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման որոշման դեմ։

Ըստ աշխատակիցների՝ Առողջապահության նախարարությունը չի համաձայնվում քննարկում իրականացնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ, փոխարենը՝ քննարկումները իրականացնում է նեղ խմբերի հետ՝ անտեսելով մասնագետներին․

«Ասում են` միացնենք, վերջացնենք, նոր գանք քննարկման։ Ձե՞ռ եք առնում»։

«Մեկ տարի է՝ բարձրաձայնում ենք այս խնդիրները, պահանջում մասնագիտական քննարկում։ Երբ ասում են` ոչինչ չի փոխվելու, այդ դեպքում ինչո՞ւ են այդ կենտրոնները միանում։ Ի՞նչ իրական նպատակ կա դրա տակ դրված։ Ի՞նչ են դրանից շահելու պացիենտները։ Եթե մասնագետները գտնում են, որ դա իրագործելը սխալ է, դա բերելու է լուրջ հետևանքների։ Սա արդեն ճարահատյալ քայլ էր։ Այժմ կենտրոնի լավ աշխատանքի հետ ունենք կառավարելի վարակ»,-նշում է Արշակ Պապոյանը։

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միացմանը դեմ արտահայտված կառույցների հետ որևէ քննարկում չի եղել, և չի եղել անգամ որևէ հակափաստարկ.

«Եթե քննարկումը համարում ենք ձևական միջոցառում, որտեղ ինչ-որ մարդ պետք է գա, նստի, և իր համախոհները ծափահարեն, ապա դա քննարկում չեմ համարում»։

Ըստ Գևորգ Գրիգորյանի՝ եթե Առողջապահության նախարարությունը իրականում մտահոգ է կենտրոնի ճակատագրով, ապա չպետք է անտեսեր աշխատողների պահանջը։

«Որևէ ապօրինի բան չենք առաջարկում, որևէ անձնավորված շահերի պաշտպանում չենք առաջարկում, որևէ նման խնդիր գոյություն չունի։ Առաջարկում ենք զուտ քննարկում անցկացնել։ Այսինքն՝ մարդիկ վստահ են, որ իրենց մասնագիտական փորձն այնքան է թույլ տալիս, որ կարող են հստակ փաստարկներ բերել, որ նախարարի որդեգրած քաղաքականությունը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը և «Նորք»-ի ինֆեկցիոն կլինիկայի միացնելու ուղղությամբ իրատեսական չէ և պարունակում է ռիսկեր »,- ասաց Գրիգորյանը։