Բացել լրահոսը Փակել լրահոսը
88273015_656860478399508_8787393389856292864_n
A A
Հասարակություն

60 կին քաղաքական առաջնորդության հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կստանա (տեսանյութ)

«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանակներում 60 կին ձեռք կբերի քաղաքական առաջնորդության հմտություններ։ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ (NDI) իրականացվող ծրագրին  մասնակցելու համար դիմել է 250 կին Հայաստանի բոլոր մարզերից։  Ուսուցումը կտևի 12 ամիս։

Ծրագրի «Կատարինե» անվանումը պատահական չէ։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության 80 պատգամավորներից բաղկացած խորհրդարանում միայն 3-ն էր կին։ Նրանցից մեկը բուժքույր, որբերի և գաղթականների հետ իր աշխատանքով հայտնի և Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինն էր՝ Կատարինե Զալյան- Մանուկյանը։

Միջոցառմանը իրենց գիտելիքներով և փորձով կիսվեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, Աժ-ի պատգամավոր  Գայանե Աբրահամյանը, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Մանե Թանդիլյանը նշում է, որ շատ ոգևորված է այս ծրագով, քանի որ առաջին անգամ է կին քաղական գործիչների դպրոց  հիմնադրվում։

«Հույս ունեմ, որ կին քաղաքական գործիչները մասնակցություն կունենան այս դպրոցում, որովհետև սա է ճանապարհը՝ կանանց ներգրավվելու քաղաքական դաշտ։ Այն կունենա կարևոր ազդեցություն հետագայում կին քաղաքական գործիչների շրջանակների ընդլայնման համար։ Ես գտնում եմ, որ մենք լրջագույն պոտենցիալ ունենք մեր երկրում կյանքի կոչելու  կանանց ներգրավածությունը, քանի որ կանանց միջամտության կարիք կա»։

NDI-ի նախագահ Դերեք Միթչելն ընդգծում է, որ մեկ տարուց ավելի իրենց գրասենյակը բացվել է, իրականացնում են բազմաթիվ ծրագրեր կին խորհրդարանականների և քաղաքական գործիչների հետ։

«Քանի որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարևոր պահ է, ցանկանում ենք ժողովրդավարության զարգացման համար գործիքներ տրամադրել։ Ժողովրդավարությունը կատարյալ չէ, միշտ զարգանալու տեղ ունի, և մենք նպատակ ունենք ակտիվացնել կանանց ներգրավվածությունը, որովհետև եթե բնակչության կեսին չես հզորացնում, ապա լավ արդյունքներ հնարավոր չէ ակնկալել»,- ասաց նա։