Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրավապաշտպաններից ոմանց մոտ հրճվանք է առաջանում ողբերգական դեպքերից․ փոխնախարար (տեսանյութ)

Սահմանին այս պահին վիճակը համեմատաբար հանգիստ է։ Կրակոցներ միշտ լինում են, համարժեք պատասխաններ ստանում են, որից հետո կրակոց արձակած կրակակետը լռում է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Անդրադառնալով բանակում 2020թ․-ի առաջին երկու ամիսներին խաղաղ պայմաններում տասնյակից ավելի գրանցված մահվան դեպքերին ու դիտարկմանը, թե բոլոր սլաքներն ուղղվեցին հրամանատրական կազմի վրա, անգամ իրավապաշտպաններն ասում են, որ քրեական ենթամշակույթի տարրերը հրամանատարական կազմի մեջ են, Գաբրիել Բալայանն ասաց, որ այդ իրավապաշտպաններին անվանում է «չակերտավոր իրավապաշտպաններ»։

«Ես տեղեկություն ունեմ, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործողություններ են իրականացնում, և նրանցից մի քանիսի մոտ իմ պատկերացմամբ՝ ոնց որ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպքը։

Փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին, որոշակի գործողություններ կատարելու համար։ Դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում են մտնել, նման դեպքեր կան։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդուն նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել, ակնհայտ սուտ տեղեկություններ են սկսել տարածել, այդ թվում՝ փաստաբանի լիցենզիայով այսպես կոչված «իրավապաշտպանները»,- նկատեց Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարը հրաժարվեց անուններ հնչեցնել։ «Ես որևէ մեկի անունը չեմ տալու, որովհետև եթե ես հիմա անուն տվեցի, ապա հնարավոր է՝ համապատասխան գործընթաց սկսվի, որի ժամանակը ես ուղղակի չունեմ։ Ի տարբերություն այդ «իրավապաշտպանների», ես շատ ծանրաբեռնված ձևով ծառայության մեջ եմ»,- ասաց պարոն Բալայանը։

Հարցին, թե սա իր անձնական կարծի՞քն է, թե՞ նախարարությունում էլ են այդպես կարծում, փոխնախարարն ասաց․ «Այն տեղեկատվության վերլուծության արդյունքն է, որը մենք ունենք»։

Գաբրիել Բալայանն ասաց, որ հասցեատերը շատ լավ գիտի, որ իր մասին է խոսում։ «Վերջին դեպքերով մի քանի տուն են գնացել, զանգահարել են, անգամ արտասահմանում գտնվելու ժամանակ, չգիտեմ ոնց են ծնողների ու հարազատների հեռախոսահամարները գտնում, ասում են՝ մենք հեսա գալիս ենք, ձեր կողքն ենք։ Փորձում են ֆինանսական միջոցներից խոսել, ասում են, որ հանկարծ չթողնեք, որ այսպիսի ձևակերպումով տրվի, դուք փող չեք ստանալու դրա համար»,- ասաց Գաբրիել Բալայանը։