Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմանդամ ընտանիքը` անտուն (տեսանյութ)

Մարզեր

Նարեն լույս աշխարհ է եկել մեկ ամիս առաջ: Նա դեռ չի էլ պատկերացնում, որ իր հարազատների հետ մի օր կարող է հայտնվել բաց երկնքի տակ: Ընտանիքը պետք է մինչեւ մարտի վերջն ազատի վարձակալած տունը, քանի որ տան տերը որոշել է գյուղ վերադառնալ:

«Չգիտեմ, թե ուր ենք գնալու, սրա-նրա կիսաավեր տունը սարքում եմ ու ստիպված թողնում: Ես չտեսա մի անգամ կառավարությունն ուշադրություն դարձնի: Որպես բազմանդամ ընտանիք ոչ մի արտոնություն չունենք»,-ասում է փոքրիկ Նարեի ու նրա յոթ քույր-եղբայրների հայրը` 43-ամյա Արթուր Դանիելյանը:

Արթուրն աշխատանքից երբեք չի խուսափել, ինչքան իրեն հիշում է` աշխատելիս է եղել։ 1990-ականներին, երբ ապրելը չափազանց դժվարացավ, նա Ալավերդի քաղաքի երկու սենյականոց հայրական բնակարանը թողեց կրտսեր եղբորն ու ծնողներին, իսկ ինքն ընտանիքով վերադարձավ իր պապերի գյուղը` Հագվի:

Այնտեղ անժամկետ վարձակալեց կիսաավեր մի տուն եւ սկսեց զբաղվել հողագործությամբ։ Այսօր նրա ու իր կնոջ ունեցած միակ հարստությունը անչափահաս 5 աղջիկն ու երեք տղան են:

Բազմանդամ ընտանիքի ֆինանսական միակ եկամուտը ամսական 60 հազար դրամ ընտանեկան նպաստն է:

Ասում են, որ այն հազիվ ալյուր գնելուն է բավականացնում, իսկ գյուղում փոքրիկ տուն ու հողամաս գնելու համար առնվազն 5500 դոլար է անհրաժեշտ: Մի անգամ, իր բազմանդամ ընտանիքի համար պետության կողմից որոշակի օգնություն ստանալու ակնկալիքով` Արթուրը դիմել է կառավարություն, սակայն վարչապետին եւ մարզպետին ուղարկած դիմումի պատասխանը ստանալուց հետո երկրի իշխանություններից սպասելիքներ այլեւս չունի:

«Աղետի գոտու ծրագիրը վերջացնենք, ամպայման ուշադրություն կդարձնենք»,-սա է եղել նամակի բովանդակությունը:Հիմա նրա միակ հույսն իր զույգ ձեռքերն են, թեեւ գիտի, որ դրանցով ընտանիքը կերակրելուց բացի ավելին անել չի կարող:

Ալավերդու «Անկյուն+3»