Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Հասարակություն

«Սասնա ծռեր»-ին օժանդակողի նկատմամբ համաներում է կիրառվել

 «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է համաներում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ 

Կարեն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր»-ի հետ հեռախոսազրույց ունենալու համար։  Գործը գտնվում էր նախաքննության փուլում։ Սկզբում Կարեն Խաչատրյանը կալանավորվել էր, այնուհետեւ գրավով ազատ արձակվել։

  Հիշեցնենք, որ համաներումը կարող էր կիրառվել միայն այն դեպքում, երբ տուժող կողմը չառարկեր։ 

Գործով տուժողները` այդ թվում նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպանը,  չէին առարկել, որ համաներում կիրառվի գործով նախաքննության ընթացքում գտնվող  մեղադրյալների նկատմամբ։

«Մի դեպքում տուժող կոչված Վալերի Օսիպյանը հայտարարում է ընկեր եմ կորցրել, առարկում եմ,  մեկ այլ դեպքում չի առարկում, երեւի մոռանում է, որ ընկեր է կորցրել»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

  «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվում էին նաեւ Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը։ Նրանց մասով գործը դատաքննության փուլում է։  Այս դեպքում արդեն Վալերի Օսիպյանը առարկություն էր ներկայացրել։