Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որ նույնիսկ неудобно отвечать»․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր շինարարություն պետք է իրականացվի ճարտարապետական նախագծով և համապատասխան թույլտվությամբ։ Այս մասին նա ասաց Կառավարության նիստին։

«Գյուղերում տները կառուցվում են առանց որևէ ճարտարապետական նախագծի, 4 պատ, տանիք, փիլաքան, և դրանով ամեն ինչ ավարտվում է։ Ժամանակ կար, որ ասում էին՝ մարդիկ թող տուն կառուցեն, բայց հետո նրանց կառուցած տները իրենց բարեկեցության, միջավայրի, մտածողության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, ոչ մեկ չի գնահատում»,- նկատեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանում կան առանձնատներ, որոնք կառուցվել են ապօրինի, բայց օրենք կա, որով ապօրինի կառուցված տարածքները կարող ես օրինականացնել։ Նա նշեց, որ այդ հարցի շուրջ քննարկում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

«Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաններին պատկանող առանձնատները ամբողջը ապօրինի շինարարություններ են»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի օրենք ընդունեն ապօրինի շինարարությունների օրինականացման համար։

«Որ օրինակ՝ Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա շինությունները օրինականացնելու։ Պարոն Բադասյան, մենք այստեղ ի՞նչ խնդիր ունենք լուծելու։ Օրինակ՝ վերջին շրջանում քաղաքապետի հետ մի քանի անգամ զրույց ենք ունեցել, հանրային տարածքների վրա կառուցված շատ հայտնի առանձնատների վերաբերյալ։ Դիմել են, հիմա մարդիկ եկել են, ասում են՝ մեր շինարարությունն ապօրինի է։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյաններն են եղել, կառուցել են օրինակ՝ Մոնումենտում տներ, ու հիմա եկել են, ասել՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ քաղաքապետն ասում է, թե իրավաբաններ նշում են, որ պարտավոր եք օրինականացնել։

«Հայաստանում կա՞ մեկ իրավաբան, որ ասի՝ ոչ, այլ լուծում կա։ Պարոն Բադասյան, խնդրում եմ այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ։ Մեր երկրում այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որ ասում են՝ նույնիսկ неудобно отвечать»,- ժպիտով նշեց վարչապետը։