Բացել լրահոսը Փակել լրահոսը
fake 1
A A
Հասարակություն

Ֆեյք-ական մարտեր՝ առանց կանոնների

Կիրակի ինձ զգացի  Դոն Կիխոտի պես, ասես կռվում էի  հողմաղացների  հետ եւ վերջում էլ մնացի կոտրված նիզակով։  Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ  արտերկրից վերադարձած  գործընկերս  լրատվամիջոցի՝  «Ա1+»-ի  ֆեյսբուքյան էջում լուսանկար  հրապարակեց, թե  ինչպես են ձեռքով աղ ցանում  փողոցներում ձյան տեղումներից հետո։ 

Զարմացած այդ պատկերից, որ սառույցի դեմ դեռ պայքարում են նույն ձեւով, ինչպես մոտ 20 տարի առաջ, նա նկարը մակագրել էր  մ․թ․ա։

Ու չնայած մի քանի ժամ տեւած ձյունից  հետո մայթերը դարձել էին անանցանելի ու սառցապատ, այդ նկարի տակ սկսվեց մեկնաբանությունների  տարափ, մասնավորապես՝  չե՞ք տեսնում՝ ինչպես են  իշխանություններն աշխատում։  

 

Սեռական բնույթի հերթական հայհոյանքը հեռացնելուց ու չհայհոյել հորդորելուց հետո հասկացա, որ մոտ երեք ժամ  ես «կռիվ եմ տալիս»  ֆեյք  օգտատերերի հետ՝ կեղծ նկարներով եւ անուններով։ Մեկնաբանությունները կարդալով` ակնհայտ էր, որ նույն պատկերը կլիներ` եթե լուսանկարի վերնագիրը լիներ դրական ուղղվածության։

Անիմաստ կորցրած ժամանակի զգացողությունը ինձ հիշեցրեց նախորդ երեկո տեղի ունեցած մի զրույց, երբ  զրուցակիցս շատ խիստ էր արտահայտվել  ֆեյքերի մասին՝  համարելով այդ  վիրավորանք  իրական  օգտատերերի  նկատմամբ։ 

Անժելան՝ զրուցակիցս, բացատրել էր այսպես՝ եթե դու կեղծես անձնագրային տվյալներդ,  օրենքը քեզ կպատժի, նույնն էլ  սոցիալական ցանցերում պետք է լինի, քանի որ սոցիալական ցանցերը դարձել են մեր կյանքի անբաժան մասը, եւ  վիրտուալ  ընկերներին վստահում ենք՝ կիսվելով մեր ամենանկեղծ պահերով եւ զգացողություններով։

Ֆեյսբուքյան մարտեր

 2018թ Հայաստանում տեղի ունեցած  թավշյա հեղափոխությունը շարունակվում է ֆեյսբուքյան տարածքում, բայց թավշյա անվանելն արդեն սխալ է։

Ֆեյսբուքի հայկական տիրույթում երկու բանակ է  հեղափոխականների, եւ հակահեղափոխականների եւ  մարտերն էլ առանց կանոնների են։

Դեռեւս 2019թ ապրիլի 4-ին  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին կոչ արեց պայքարել ֆեյքերի դեմ, բայց  այնպես, որ կասկածի տակ չդրվի խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ 

 Թե 10 ամսվա ընթացքում  առանց խոսքի ազատության  իրավունքը խախտելու քանի ֆեյք է բացահայտվել, ԱԱԾ-ն այդպես էլ մեր հարցմանը չի պատասխանում։ 

Իսկ հանրությունն այս ընթացքում սոսկ տեղեկացվել է երկուսի մասին, եւ այդ երկուսն էլ, ըստ ԱԱԾ-ի, հայտնվել են իրենց ուշադրության կենտրոնում՝  մեղադրվելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին էական վնաս հասցնելու մեջ։ 

 Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնարական էր տալիս, հենց նույն օրը   Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  կասկած հայտնեց, թե այդ հնարավոր  լինի  կյանքի  կոչել առանց խոսքի ազատությունը վտանգի տակ դնելու։ « Ես լավ չեմ պատկերացնում՝  ինչ մեխանիզմներով պետք է իրականացնել, հատկապես, որ նման բաները  սահմանափակող օրենք չունենք»,-ասել էր  նա։

Ֆեյքերի «քաղաքական» պատերազմը

«Ես ինչ-որ մարդկանց ֆեյքային բանակների թիրախում եմ, կա հանձնարարություն  իմ յուրաքանչյուր խոսք, միտք, ինչը տեղ է  գտնում սոցիալական  հարթակներում, դրա տակ պիտի անպայման ստորացնեն, նվաստացնեն իմ արժանապատվությունը»,- ասում է ընդդիմադիր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Անի Սամսոնյանը։

Ըստ նրա՝ այդ հարձակումները մշտապես են, բայց ակտիվանում են  այն օրերին, երբ  քննադատում է Հայաստանի իշխանություններին։  Եւ հենց այդ հանգամանքն է իր մոտ  համոզմունք առաջացրել, որ  ֆեյքային  հարձակումներն ուղղորդվում են իշխանությունների կողմից․ «Տրամաբանական է, չէ՞․․․Ես ուրիշ ո՞ւմ հետ պիտի կապեմ այդ ակտիվությունը, այլ քաղաքական ուժերի՞, դրսի  մարդու հետ պետք է կապե՞մ, այսինքն՝ ակնհայտ է այդ կապը»։  

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- «ֆեյքային բանակների» մասին հարցին ի պատասխան  ասում է խորհրդարանի՝ մյուս ընդդիմադիր` «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր  Շաքե Իսայանը։   

Նա  չի կարող ասել՝ Հայաստանում կա՞ կոնկրետ ուժ, որ պայքար է մղում  սոցիալական հարթակներում՝  ֆեյքերի  միջոցով,  չնայած նրանց ակտիվությունը զգում է․ «Ժամանակ առ ժամանակ, երբ ինչ-որ  արտահայտություններ  ես անում, որոնք  այս կամ այն քաղաքական ուժերը չեն կիսում,  որոշ ֆեյքեր սկսում են՝ ակտիվ հակադարձելով և զրպարտելով ստվերել քո բովանդակային հայտարարությունը»։

 Խորհրդարանական  մեծամասնության  ներկայացուցիչ  Քրիստինե Պողոսյանին զարմացնում են գործընկերների  գնահատականները, թե իշխանությունները ուղղորդում են ֆեյքերին։ 

«Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր նման տեղեկատվություն ունեն, դիմեն  մեզ, ամեն ձև կաջակցենք, որ իրավապահ մարմինների միջոցով պատասխանատվության  ենթարկեն։  Ես բացառում եմ ներկա կառավարող ուժի նման գործելաոճը»,- ասում է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։ 

 Քրիստինե Պողոսյանն էլ իր հերթին է պնդում ՝  ֆեյքերն իր հասցեին ոչ միայն  հայհոյանքներ են  գրում, այլեւ սպառնալիքներ։  Որպես օրինակ  բերում է իր վերջին  հարցազրույցը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ԱԱԾ նախկին  պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։

«Դրանից հետո չեմ կարող ասել, թե քանի հարյուր  նամակ եմ ստացել սպառնալիքով ու հայհոյանքով, քանի գրառումներ են արվել իմ լուսանկարով, խոսքս կոնտեքստից դուրս բերելով՝ ներկայացրել  են արտահայտություն, որին արձագանքելով՝ օգտատերերը իրենց թույլ տվեցին ամենավատ արտահայտությունները,- ասում է  պատգամավորը,- Երբեք քննադատությունը չպետք է ուղեկցվի հայհոյանքով։ Ես կարող եմ ամենակոշտ քննադատությանը արժանացնել որեւէ քաղաքական կամ հասարակական գործչի, բայց երբեք հայհոյանք չեմ օգտագործի, քանի որ այդ   խոսում է շրիշակից ցածր մակարդակի մասին»։

 «Իմ քայլը»  խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արփի Դավոյանն էլ է  ընդդիմադիրներից պահանջում ապացույցներ, թե իշխանությունը ֆեյքեր ունի, եւ նրանց միջոցով փորձում է վիրավորել  քննադատողներին։ Թող ապացուցեն, ես էլ, չէ՞, կարող եմ հենց այնպես կասկածել,- ասում է նա։  Ընդհանրապես՝  նա կարծում է՝  ֆեյքերի դեմ  տեղական պայքար անհնար է, իսկ ինքն էլ սովորել է ֆեյսբուքյան մեկնաբանություններն անտեսել, հատկապես որ․«Այդքան ժամանակ չունեմ՝ ֆեյբուքյան գրառում կարդամ»։

Բայց, փաստ է,  ոչ բոլորը կարող են չնյարդայնանալ, երբ  իրենց նկարի տակ ինչ-որ մեկը հայհոյում է։   Ինչպե՞ս պայքարել  սոցհարթակներում հայհոյախառն մեկնաբանությունների  դեմ։

«Միշտ ասում եմ՝  չկա մի պետություն, որն այնպիսի օրենսդրական նախաձեռնություն կբերի, որը սոցիալական ցանցերում կվերացնի ֆեյքերին, հայհոյանք գրողներին։ Դա հեքիաթ է»,- ասում է  «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը։   Ըստ նրա՝ լուծումը կարող է լինել անհատական․ յուրաքանչյուր օգտատեր պետք է մաքրի իր վիրտուալ տարածքը եւ թույլ չտա աղտոտել։ 

Պատգամավորը ընդգծում է՝   խոսքն առաջին հերթին  վերաբերում է քաղաքական գործիչներին, քանի որ նրանք,  չմաքրելով  post-երի տակ՝ իրենց ընդդիմադիրների հասցեին  արված հայհոյանքները, կամա, թե ակամա խրախուսում են այդ երեւույթը։

«Հասկանո՞ւմ եք՝ Հայաստանում հայհոյանքը պատժվում է Քաղաքացիական օրենսգրքով, երբ դու դիմում եմ դատարան՝  բարոյական փոխհատուցում ստանալու համար։  Բայց․․․ Ֆեյսբուքում բոլորը հայհոյում են։ Երբեմն չգիտես այդ անձին, չես կարողանում իդենտիֆիկացնել, որպեսզի դիմես դատարան և նրանից փոխհատուցում պահանջես․․․ Այսինքն՝ այս հարցը թողնված է անհատի վրա, ինձ վրա, բոլոր այն օգտատերերի վրա, ովքեր չեն հանդուրժում վիրավորանքներն իրենց էջերում»,- ասում է  Անի Սամսոնյանը։

Իշխանական պատգամավոր Քրիստինե  Պողոսյանն  հիշեցնում է՝  ամիսներ առաջ ինքը կողմ էր արտահայտվել հայհոյանքի քրեականացմանը, բայց հետո հասկացավ՝ այդ միջազգային օրենքների ոգուց չի բխում։

 «Մենք չենք կարող հայհոյախառն խոսքը մեկ օրում վերացնել, որովհետև դա կոնկրետ կրթական մակարդակի մասին է խոսում։ Դրա դեմ պետք է պայքարենք կոնկրետ կրթական  ցենզը բարձրացնելով»,- ասում է պատգամավորը՝  չբացառելով, սակայն,  կարգավորումն  օրենսդրական  ինչ-որ  նախաձեռնությամբ։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն արդեն իսկ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝  քրեականացնելու կեղծ լուրերի տարածումը։

Բայց այս օրինագծում հայհոյոհող օգտատերերի մասին ոչինչ չկա։ Ինչ  վերաբերում է՝ ապատեղեկատվություն տարածող ֆեյքերին,   ըստ իշխանությունների՝ դրանք հիմնականում դարձել են գործիք  նախկին իշխանությունների    համակիրների համար։     Ի դեպ, այն երկու ֆեյքերը՝ «Դուխով Հայաստանն» ու «Դիանա   Հարությունյանը», որոնց ԱԱԾ-ն  հայտնաբերել է, մեղադրվում են ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, տարածելու համար։

Ֆեյսբուքյան «քաղաքացիական»  պատերազմը

Անցած տարվա աշնանը Հայաստանում կայացվել է դատական մի որոշում, որը կարող է նախադեպային դառնալ։  Խոսքն այս դեպքում, սակայն, ոչ թե ֆեյք, այլ իրական օգտատիրոջ մասին է։

Դատարանը բավարարել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հայցը՝ պարտադրելով օգտատեր Աստղիկ Տեր-Սահակյանին  ոչ միայն ներողություն խնդրել եւ վճարել 500,000 դրամ՝ վիրավորական և զրպարտող գրառում անելու համար։

Սա ֆեյսբուքում իրեն  վիրավորելու համար՝ Մարինա Պողոսյանի միակ հայցը չէ։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղականում ենք՝ նմանաբովանդակ նրա մյուս հայցի քննությունը ընթացքի մեջ է։ Նույն համակարգը ծանուցում  է՝  ֆեյսբուքյան այլ  գրառումներ էլ կան, որոնք դատական հայցերի պատճառ են դարձել։  Չեն բացառվում աղմկահարույց գործերը։ Մասնավորապես նախորդ  տարվա  վերջին   ՀՀ ԱԺ նախագահ Արարատ  Միրզոյանը հայց է ներկայացրել  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ՝  ֆեյսբուքյան գրառման համար  ու  «վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար» պահանջում է  մոտ 3․5 մլն  դրամ (7000 եվրո):

Հարկադիր աշխատանք

 Մինչ շարունակվում են ֆեյքային պատերազմները, հայաստանյան լրատվամիջոցները ստիպված են «մաքրողների» հաստիքներ ստեղծել՝  սոցիալական հարթակներում մոդերացիայի  համար։ Ի տարբերություն պատգամավորների՝ նրանք չեն կարող «բանի տեղ չդնել» այդ գրառումները, քանի որ  կա ՄԻԵԴ-ի նախադեպային որոշում, երբ  «Դելֆին» ընդդեմ Էստոնիայի»   գործով առցանց լրատվամիջոցը պարտվեց՝ վիրավորական մեկնաբանությունները չհեռացնելու համար։  Ճիշտ է՝ այս գործով  խոսքը հենց կայքում մեկնաբանությունների մասին էր, ոչ թե սոցիալական հարթակներում, բայց ով իմանա․․․

Հայաստանն արդեն  սեփական նախադեպն է ստեղծել, երբ լրագրողին ֆեյսբուքյան գրառման համար դատարանը տուգանել է 50000 դրամով եւ պահանջել Ֆեյսբուքի իր էջով հերքում տարածել, քանի  որ այլ լրատվամիջոցի մասին գրառում հրապարակելիս    «չի իրականացրել դրա` իրականությանը համապատասխանելու հանգամանքի ճշտմանն ուղղված որևէ գործողություն»:

Ըստ մեդիա փորձագետների՝  փաստացի այս վճռով ֆեյսբուքյան գրառումը հավասարեցվեց լրատվամիջոցում հրապարակված լրագրողական հոդվածին և հենց այդ կարգավիճակում էլ դատավճռի արժանացավ:

Ֆեյսբուքում լրագրողական շաբաթօրյակների մասին՝ հաջորդիվ

Գլխավոր լուսանկարը՝  Արեն Մելիքյանի։  «Շեֆ, քանի հատ ֆեյք բացեմ» խորագրված գրաֆիտին արված է մետրոյի « Գործարանային» կայարանի մոտ։