Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելող նախագծերի փաթեթը (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Գովազդի մասի» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: «Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանն ասաց, որ խմբակցությունը ազատ է քվեարկելու։ Իշխող ուժից Լուսին Բադալյանը հայտարարեց, անկախ նրանից, թե խմբակցությունը ինչպես կքվեարկի, պատգամավորի նկատմամբ պետք է հարգալից լինել։

«Այլևս որևէ մեկը չհամարձակվի այստեղ շանտաժի լեզվով խոսել պատգամավորի հետ, այն արտահայտությունը, որ ով դեմ է քվեարկելու բոլոր մահերը մնալու են նրա խղճին՝ անթույլատրելի է»,- խոսքն ուղղելով Առողջապահության փոխնախարարին ասաց Լուսինե Բադալյանը։

«Լուսավոր Հայաստան»-ից Գուրգեն Բաղդասարյանը միացավ տիկին Բադալյանի կոչին և հավելեց․ «Քանի որ խոսք էին տվել ուրիշ բան, բայց բերել են այլ բան, զուտ պայմանը չպահելու համար պետք է դեմ քվեարկել այս նախագծին»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արթուր Գրիգորյանն ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկու, բայց աշխատանքային խումբ պետք է ստեղծվի և շտկումներ արվի։ ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ սա քաղաքակրթական ընտրություն է և ինքը պատկերացնում է չծխող Հայաստան, ըստ այդմ ինքը կողմ կքվեարկի, բայց սատարելու է, որպեսզի վիճահարույց կարգավորումների վերաբերյալ աշխտանքային խումբ ստեղծվի և նոր առաջարկություններով հանդես գան պատգամավորները։

«Իմ քայլից» Սասուն Միքայելյանն էլ ասաց, որ ճիշտ կլինի, եթե նախագիծը հետ կանչվի։

«Ինչի՞ համար նորից աշխատանքային խումբ ստեղծենք, եթե կարելի է օրենքի նախագիծը վերանայել, նոր ներկայացնել»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանն էլ առաջարկեց հիմա դեմ քվեարկել, նախագծերի փաթեթը հետ գնա առաջին ընթերցման ռեժիմ, որտեղ առաջարկություններ կներկայացնեն, ու նորից մտնի ԱԺ։ Ի պատասխան, Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջարկը լավն է, բայց այդ դեպքում նախագծի հեղինակի՝ Կառավարության համաձայնությունն է պետք։

Նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության, խորհդարանն այն ընդունեց 76 կողմ, 16 դեմ, և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։