Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղարկում են Վաղարշապատ

Մարզեր

Բիոթափոններն այլեւս հորել - փորելու տարբերակով չեն վերացվում:

2009թ. հունիսից Առողջապահության Նախարարության հրահանգով Շիրակի մարզի բոլոր բուժհաստատությունները պայմանագիր են ստորագրել «Էկոլոգիա» ՍՊԸ-ի հետ, համաձայն որի հավաքված բիոթափոնները հանձնվում են այդ կազմակերպությանն ու ուղարկվում այրման՝ Վաղարշապատում:

Բիոթափոններով հատկապես ծանրաբեռնված են մարզի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական, ինֆեկցիոն, ուռուցքաբանական եւ Սամարիթեր հիվանդանոցները, պաթանատոմիական հիմնարկությունը եւ ծննդատները:

Գյումրիի հիվանդանոցների հիմնական մասն հասցրել են ազատվել տարիներով կուտակված բիոթափոններից: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանի խոսքերով՝ նույնիսկ երկրաշարժից հետո ստացված եւ արդեն ժամկետնանց դեղորայք կար, որոնք չէր կարելի սովորական պայմաններում այրել:

Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցը եւս ձերբազատվել է խնդրից: Համաձայն «Էկոլոգիա» ՍՊԸ-ի ցուցումների, բիոթափոնները հավաքվում եւ հանձնվում են կազմակերպությանը: Յուրաքանչյուր կիլոգրամի համար բուժհաստատությունը որոշակի գումար է վճարում:

Մինչ Վաղարշապատի կիզարանի կառուցումը, յուրաքանչյուր հիմնարկություն իր բիոթափոնները վնասազերծել է իր իսկ բակում փորել-հորելու, կամ էլ մի խոր փոսում այրելու եղանակով:
«Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գեւորգ Պետրոսյանը նշում է, որ դա էկոլոգիապես անթույլատրելի է: Դրանց այրման արդյունքում առաջանում են տարբեր կայուն միացություններ, որոնք ալերգեն եւ քաղցկեղածին նյութեր են:

Մասնագիտական կարծիքի հեղինակը «Բիոսոֆիա» հկ նախագահ Գեւորգ Պետրոսյանն է, ում մեկնաբանությամբ կիզարաններն համարվում են բարձր վտանգավորության օբյկետներ, սակայն դրանցից կյանքին եւ առողջությանը հասցվող վնասն ավելի քիչ է, քան բաց եղանակվ այրման ժամանակ է:

Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանի տեղեկացմամբ, առաջիկա մեկ ամսում բուժհաստատությունները հնարավորություն կստանան բիոթափոնները «Էկոլոգիա» ՍՊԸ-ին հանձնել ոչ թե ամիսը մեկ, այլ ամեն շաբաթ:

Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, համաձայն որի կազմակերպությունը Գյումրիում ունենալու է իր աշխատակիցն ու հատուկ փոխադրամիջոցը, որի օգնությամբ էլ հիվանդանոցներից ավելի արագ հավաքվելու են թափոններն ու տեղափոխվելու են Վաղարշապատ:

Գյումրիի «Ցայգ» հ/ը