Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քուվեյթի դեսպանից պահանջում են ոչխարների գումարը (տեսանյութ)

Քուվեյթի դեսպանատան դիմաց եզդիական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջում էին իրենց գումարները։

Հավաքվածները նշեցին՝ Հայաստանում Քուվեյթի դեսպանին, նրա տղային և դեսպանի եղբորը իրենց վաղեմի ծանոթ սիրիահայ Շահեն Բահարյանի միջոցով վաճառել են 75 000 գլուխ ոչխար՝ 361 մլն դրամ արժողությամբ, սակայն շուրջ վեց ամիս է՝ գումարը չեն ստացել։

«Ես իմ ապրանքը տվել եմ Շահեն Բահարյանին, որը մեծ վստահություն է ունեցել իմ մոտ։ Երեք, չորս տարի ես իմ ապրանքը տվել եմ այս մարդուն, 15 օրից հետո բերել է։ Այս տարի նույն ձև վստահել եմ։ Դեսպանի տանը մի պաղեստինցու հետ դեսպանի , նրա եղբոր եւ տղայի ներկայությամբ պայմանավորվել են»։ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչ Ազիզ Գալոյանն ասաց ՝ այնքան են մնալու դեսպանատան դիմաց, մինչեւ իրենց հետ բանակցեն։

«Այն ժամանակ, որ մենք գալիս էինք, իրենք դուրս էին գալիս, մեր հետ խորհրդակցում էին, տեղափոխում էին այգի, տանում էին դեսպանի տուն»,- ասում է նա։

Շահեն Բահարյանը եւս ներկա էր ակցիային։ Նշեց՝ պաղեստինցու հետ ծանոթացել է դեսպանի տանը․

«Առաջին անգամ ես նրանց վստահել եմ և ապրանք տվել, բայց նրանք մեզ խաբեցին։ 200 եզդիների խաբել են։ Մենք պատրաստ ենք ապացուցել դա»։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Սաշիկ Սուլթանյանը նշում է , որ խնդրին ծանոթացել է ամիսներ առաջ․

«Եզդիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, և նրանց իրավունքներն են վտանգվում։ Փաստորեն սեփականության իրավունքի ոտնահարում է տեղի ունեցել։ Տարօրինակ է, որ այս ամենի հետ դեսպանատունը առնչություն ունի։ Եթե ընդգրկված ես այս գործընթացի մեջ, իրենք պատասխանատվություն են կրում։ Լավ կլինի, դեսպանատունը իր դիրքորոշումը հայտնի՝ ինչպես է վերաբերում, որ իր աշխատակիցը ներգրավված է այսպիսի կոռուպցիոն գործարքների մեջ։ Մեր երկրում դիվանագիտական գործունեություն ծավալող ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն կրեն, և եթե դեսպանատունը չարձագանքի, մենք դիմելու ենք արտաքին գործերի նախարարություն»։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ ամիսներ առաջ ոստիկանություն են դիմել այս հարցով, սակայն դեռ պատասխան չկա։ Նրանց խոսքով՝ դեսպանատան դիմաց կշարունակեն բողոքի ակցիաներ կազմակերպել այնքան ժամանակ, մինչև իրենց խնդրին լուծում տրվի։

Նշենք, որ դեսպանատնից ակցիայի մասնակիցներին ոչ ոք չհանդիպեց։