Բացել լրահոսը Փակել լրահոսը
պաստաբան
A A
Հասարակություն

Ո՞վ և ինչո՞ւ է գաղտնալսել Արայիկ Պապիկյանին (տեսանյութ)

«Քրեական գործերից մեկով, որով ես հանդիսանում էի պաշտպան, ստացա նյութերը, ուսումնասիրեցի դրա մի մասը, պարզեցի, որ այդ գործով իրականացված գաղտնալսումներով առնվազն 8 անգամ գաղտնալսվել է իմ և իմ պաշտպանյալի ծնողի խոսակցությունը»,-«Ա1+»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչը, ստանալով գաղտանալսումները ոստիկանության համապատասխան ծառայություններից, գործով պաշտպանի գաղտնալսումները որպես ապացույց է ճանաչել և առաջիկա օրերին պատրաստվում է ուղարկել դատարան․

«Ես ընդհանրապես անհանգստանալու առիթ չունեմ այն  առումով, որ իմ բոլոր հեռախոսային խոսակցությունները կարող են շատ հանգիստ գաղտնալսել, որովհետև ես երբեք որևէ բան չեմ թաքցնում կամ ծածուկ ոչինչ չեմ անում»։

Պապիկյանը տեղեկացրեց, որ գաղտնալսումները իրականցվել են 2019 թվականի սեպտեմբեր ամսին, բայց այդ մասին ինքը տեղեկացել է միայն օրեր առաջ, երբ ստացել է գործի նյութերը։

«Չեմ էլ զարմանում, որ փաստաբանի նկատմամբ այսպիսի ոտնձգություն կարող են անել և դա դիտարկել որպես սովորական, շարքային երևույթ»։

Փաստաբանը նշեց, որ այս հարցին անպայման անդրադառնալու է դատարանում և հայտնելու է իր վերաբերմունքը ձեռք բերված ապացույցների մասին․

«Քրեական դատավարության օրենսգիքը արգելում է գործով ընդգրկված փաստաբանին գաղտնալսել, երբ նա կատարում է իր դատավարական պարտականությունները, սա արգելված է»,-տեղեկացնում է Պապիկյանը։

Փաստաբանը կասկածներ ունի նաև, որ իր և իր պաշտպանյալի առանձնազրույցները , որոնք տեղի են ունեցել քրեակատարողական հիմնարկում՝ ևս գաղտնալսվել են․

«Այն քրեակատարողական հիմնարկում, որտեղ իմ պաշտպանյալի հետ մենք առանձնազրույցներ ենք ունեցել, իմ պաշտպանյալի նկատմաբ այդ նույն սենյակում, բոլորովին այլ հանգամանքներում, այլ գործի շրջանակներում  իրականացվել է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում, և դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այդ նույն սենյակում ես առնվազն երկու անգամ առանձնազրույց եմ ունեցել իմ պաշտպանյալի հետ»։

Փաստաբանն ընդգծում է նաև․«Ես ինքս հայտնվել եմ  հետապնդվողի դերում, այն դեպքում, երբ ես պարտավոր էի, որպես փաստաբան՝ հետապնվող անձին պատշաճ իրավաբանական օժանադակություն ցուցաբերել, բայց դա արել եմ մի դեպքում, երբ ես ինքս եմ հետապնվելիս եղել»։

Փաստաբանը հայտնեց, որ գաղտանլսումը չի եղել հանրային հնչեղություն ունեցող գործի շրջանակներում, թեև առանձնապես ծանր հանցագործության մասին է խոսքը․

«Բուն գործով կար երեք սպանության դրվագ, միաժամանակ կար առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության մասին խոսք, ընդ որում մի քանի այլ երկրների հետ թմրամիջոցների կապի մասին է խոսքը, այսինքն՝ գործը բավականին մեծ դրվագներ և ծավալներ ուներ, բայց քննիչն ու դատախազը «հանրային հնչեղություն» փորձեցին ապահովել փաստաբանին գաղտնալսելու միջոցով, ես հավաստիացնում եմ և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ որոշ դատավորների, որ դատաքննության ընթացքում ես երաշխավորում եմ իրենց համար հանրային հնչեղությունը իրենց կատարածի համար»։

Փաստաբանը չի բացառում, որ քննիչը կամ դատախազը այս ճանապարհով փորձել են հասնել պաշտոնի առաջխաղացման կամ լրացուցիչ պարգևավճարների․

«Ինձ գաղտնալսելով երազախաբ եղան, որովհետև իրենց համար էական ոչինչ չեն հայտանբերել»։

Ինչ վերաբերում է ոստիկանությանը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալուն, փաստաբանն ասաց․

«Մինչև, օրինակ՝ ոստիկանությանը, գաղտնալսման հնարավորություն տալը, նախ անհրաժեշտ էր ընդհանրապես անդրադառանալ՝ ինչպես են ՀՀ-ում այս միջոցով հետապնդումները կատարվում, այդ կառուցակարգերը ամբողջությամբ փոփոխության կարիք ունեն, ՀՀ-ում 2018 թվականից հետո ամբողջությամբ պահպանվեց այն հին բարքերն ու կարգերը, որոնք կային։ Առանց բարեփոխումների և լրացուցիչ գաղտնալսման գործառույթներ տրվեցին ոստիկանւթյանը»։